ԵՄ-ում յուրաքանչյուր հինգերորդ մահ սիրտ-անոթային հիվանդություններից կարելի է կանխել՝ բարելավելով շրջակա միջավայրի վիճակը, նշվել է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության նոր հաշվետվությունում։

Սիրտ-անոթային հիվանդությունները մահվան ամենատարածված պատճառն են ԵՄ-ում, վկայում են Սրտաբանների եվրոպական ընկերության տվյալները։

2022թ․ դրանցից մահացել է ավելի քան 1,7 մլն մարդ, ինչը կազմել է միությունում մահերի ընդհանուր թվի մեկ երրորդը, տեղեկացրել է Euronews-ը։

Սիրտ-անոթային հիվանդությունները դառնում են հաշմանդամության, վաղաժամ թոշակի անցնելու պատճառ, ինչը բացասաբար է ազդում կյանքի որակի վրա եւ կրճատում է դրա տեւողությունը։

Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ սիրտ-անոթային հիվանդությունները ամեն տարի ԵՄ-ի վրա ավելի քան 282 մլրդ եվրո են նստում աշխատանքի արտադրողականության եւ տնտեսական արտադրության նվազման պատճառով։

Անձնական բնութագրերից բացի, ինչպիսին են տարիքը եւ հիվանդությունների ընտանեկան պատմությունը, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հարցում առանցքային դեր են խաղում շրջակա միջավայրի գործոնները։

ԵՄ-ում այնպիսի գործոններ, ինչպիսին են օդի աղտոտվածությունը, ծայրահեղ ջերմաստիճանները եւ թունավոր նյութերը, դառնում են սիրտ-անոթային հիվանդությունների բոլոր մահերի մոտ 18 տոկոսի պատճառ։

Լեհաստանը (23,69 տոկոս) եւ Բուլղարիան (23,98 տոկոս) ԵՄ այն երկրներն են, որոնցում բնապահպանական ռիսկերի հետ կապված սիրտ-անոթային հիվանդություններից մահվան բաժինն ամենամեծն է։

Ֆինլանդիայում եւ Շվեդիայում գրանցվել է ամենացածր բաժինը՝ 9,72 տոկոս եւ 10,01 տոկոս համապատասխանաբար։

Եվրոպական սրտաբանական ցանցի տվյալներով՝ օդի աղտոտվածությունը ԵՄ-ում սիրտ-անոթային հիվանդություններից տարեկան մահվան մոտ 8 տոկոսի պատճառն է։

PM2,5 մանրդիսպերսային մասնիկները, որոնք գոյանում են այնպիսի աղբյուրներից, ինչպիսին են ավտոմեքենաների արտանետումները, արդյունաբերական գործընթացները եւ հանածո վառելիքի այրումը, ազոտի երկօքսիդն ու օզոնը, հիմնական աղտոտիչներն են՝ կապված Եվրոպայում սիրտ-անոթային հիվանդությունների հետ։

2022թ․ Լեհաստանում (82,32 տոկոս) եւ Իռլանդիայում (81,83 տոկոս) գրանցվել են վաղաժամ մահացության ամենաբարձր ցուցանիշները այդ մասնիկների ազդեցության պատճառով։

Ֆինլանդիայում եւ Էստոնիայում ցուցանիշներն ամենացածրն են՝ 5,48 եւ 11,21 տոկոս համապատասխանաբար։

Այդ աղտոտող նյութերի երկարատեւ ազդեցությունը զգալիորեն նպաստում է սիրտ-անոթային հիվանդություններից վաղաժամ մահվանն ու քրոնիկական հիվանդություններին, ներառյալ ինֆարկտները, ինսուլտները եւ սրտային անբավարարությունը։

Ըստ գնահատականների՝ ԵՄ-ում ամեն տարի վաղաժամ մահերի 66 հազար դեպք կապված է տրանսպորտային աղմուկի ազդեցության հետ, ընդ որում՝ դրանց ավելի քան 30 տոկոսը առաջանում է սիրտ-անոթային պատճառներով։

ԵՄ քաղաքականությունը եւ կանոնները՝ ուղղված օդի աղտոտման դեմ պայքարին, արդյունքներ են տալիս։ Այն նվազել է ողջ ԵՄ-ում, ինչը հանգեցրել է նրա հետ կապված վաղաժամ մահերի թվի կրճատման։

Այնուամենայնիվ, ԵՄ բնակիչների 95 տոկոսը, հատկապես քաղաքային շրջաններում, նախկինի պես ենթարկվում է աղտոտվածության ոչ անվտանգ մակարդակների ներգործությանը։