Վաշինգտոնի համալսարանի Սենթ Լուիսի բժշկական կենտրոնի և Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտողները ներկայացրել են նոր մոտեցում գլիոբլաստոմայի՝ ուղեղի ամենաագրեսիվ քաղցկեղի, բուժման համար՝ օգտագործելով քթով ներմուծվող նանոմասնիկներ։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում։
Գիտնականները ստեղծել են գնդաձև մասնիկներ՝ ոսկե միջուկով, որոնք պատված են նուկլեինաթթվով, դրանք ակտիվացնում են STING իմունային ուղին՝ օրգանիզմի բնական մեխանիզմը, որը ճանաչում է բջիջներում առաջացած սպառնալիքները։ Քթով ներմուծվելու դեպքում մասնիկները հատուկ նյարդային ուղիներով հասնում են ուղեղ և կուտակվում ուռուցքի իմունային բջիջներում։ Այս մոտեցումը ակտիվացնում է իմունային համակարգը և «սառը»՝ դժվար ճանաչվող ուռուցքը դարձնում «տաք»՝ օրգանիզմի կողմից հարձակման ենթակա։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել տպավորիչ արդյունքներ։ Երբ քթային նանոթերապիան համակցվել է Տ-լիմֆոցիտների ակտիվությունը ուժեղացնող դեղամիջոցների հետ, ուռուցքները անհետացել են մեկ-երկու դեղաչափից հետո, իսկ կենդանիների մոտ ձևավորվել է կայուն իմունային պատասխան՝ պաշտպանելով կրկնությունից։ Միևնույն ժամանակ մասնիկները գրեթե չեն տարածվել ամբողջ օրգանիզմում՝ նվազեցնելով կողմնակի ազդեցությունների ռիսկերը։
Հետազոտության հեղինակները շեշտում են համակցված մոտեցման կարևորությունը․ միայն STING-ի ակտիվացումը միշտ չէ, որ ապահովում է հզոր իմունային պատասխան, ուստի անհրաժեշտ է ներգրավել նաև այլ մեխանիզմներ։ Նրանք արդեն ծրագրում են օպտիմալացնել նանոկառուցվածքները, որոնք կարող են միաժամանակ ակտիվացնել մի քանի իմունային ուղիներ՝ բարձրացնելու բուժման արդյունավետությունը։
Այս հայտնագործությունը կարևոր քայլ է քիչ ինվազիվ թերապիաների զարգացման մեջ։ Հնարավորությունը՝ առանց վիրահատության, քթով ուղեղ հասցնել իմունային դեղամիջոցներ, հեռանկար է բացում դիմացկուն ուռուցքների, ինչպիսին է գլիոբլաստոման, անվտանգ և նպատակային բուժման համար։






