Հղիների նպաստների կրճատման մասին օրինագիծը բավական լուրջ սթրեսային իրավիճակ էր ստեղծել հղիների համար եւ կարող էր բացասաբար անդրադառնալ նրանց եւ նրանց երեխաների առողջության վրա: Այս կարծիքն են արտահայտել հոգեբան Սոնա Հարությունյանը եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանն է նշել, աշխատող հղիները արդեն իսկ որոշակի ֆիզիկական եւ հոգեբանական լարվածության են բախվում, ավելի շատ են հոգնում եւ ավելի նյարդային են դառնում: Իսկ եթե նրանք աշխատանքից դուրս այլ սթրեսների են ենթարկվում, դա էլ ավելի է մեծացնում տարատեսակ խնդիրների առաջացման հավանականությունը:
Ինչու՞ են սթրեսները վտանգավոր:
Սթրեսները կարող են ցանկացած կնոջ ժամանակավոր անպտղության պատճառ դառնալ, իսկ հղի կանանց համար դրանք էլ ավելի վտանգավոր են. ինչպես գինեկոլոգն է նշել, սթրեսների պատճառով լինում են վիժումներ, պտղաջրերի վաղաժամ արտահոսք, վաղաժամ ծննդաբերությում եւ այլ խնդիրներ: Այդ իսկ պատճառով բոլոր հղիներին խորհուրդ են տալիս հնարավորինս զերծ մնալ ցանկացած սթրեսային իրավիճակներից եւ բացասական հույզերից. դրանք կարող են ոչ միայն ազդել նրանց առողջության եւ ինքնազգացողության վրա, այլեւ՝ վտանգել երեխային:
Հոգեբան Սոնա Հարությունյանը նույնպես համաձայնվել է, որ նմանատիպ սթրեսները վտանգավոր են հղի կանանց համար. քանի որ հղիությունը ոչ միայն հոգեբանական եւ ֆիզիկական ասպեկտներ ունի, այլեւ՝ սոցիալական, վերը նշված օրինագիծը, նպաստների կրճատումը եւ աշխատավարձերից պահումները կարող են լուրջ սթրեսային գործոն լինել, ազդել հղիության ընթացքի վրա եւ մի շարք առողջական խնդիրներ առաջացնել:






