Երեխայի ծնունդին պետք է պատրաստվի ոչ միայն ապագա մայրը, այլեւ՝ ապագա հայրը: Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ հոգեբան Սոնա Հարությունյանն է նշել, երեխայի ծնունդն իրադարձություն է զույգի համար, ոչ միայն կնոջ, այդ իսկ պատճառով, երեխայի հոր հոգեբանական պատրաստվածությունը նույնպես շատ կարեւոր է:

Առաջին հերթին, եթե ապագա հայրը գիտելիքներ ունի եւ լավ տեղեկացված է հղիության ընթացքի մասին, նա կարող է օգնել կնոջը հաղթահարել բոլոր սպասվող դժվարությունները, հոգեբանական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաեւ ներդաշնակ եւ հանգիստ հոգեվիճակ ապահովել կնոջ համար հղիության ընթացքում՝ հասկանալով, որ ավելորդ սթրեսները վնասակար են թե կնոջ, եւ թե պտղի համար:

Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս, որ հղիության ընթացքում թե հայրը, թե մայրը հատուկ գրականություն կարդան եւ նախապատրաստվեն երեխայի ծնունդին, քանի որ դա զույգի երեխան է, ոչ թե՝ միայն մոր:

Բացի այդ, Սոնա Հարությունյանի խոսքով, ցանկալի է, որ տղամարդը գիտակցի, ինչ է հայր լինելը, ոչ թե երեխայի ծնվելուց հետո, այլ՝ նախօրոք: Այդ պատճառով նա խորհուրդ է տալիս, որ տղամարդը ընդգրկվի երեխայի հետ կապված բոլոր հարցերի եւ քննարկումների մեջ: Անգամ մանր գնումները ցանկալի է, որ զույգը միասին անի, քանի որ դա հետագայում կնպաստի ընտանիքի ամրությանը եւ ներդաշնակությանը: