Առողջապահական համընդհանուր ապահովագրության ներդրումը ձգձգված է 90-ական թվականներից, և ես շատ ուրախ եմ, որ այն վերջապես ներդրվում է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա կխրախուսի առողջության պահպանումը, կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և մարդուն կտա կանխատեսելիություն ու ֆինանսական բեռի թեթևացում։ Մեր այսօրվա քննարկումները ևս ցույց տվեցին, թե ինչքան սպասված է այս նախագիծը մեր քաղաքացիների կողմից։ Այո, առողջությանը վերաբերող հարցերը բոլորին են վերաբերում և հենց այս առումով սա պատմական քայլ է և մենք պիտի անենք հնարավորինս, որպեսզի մեր քաղաքացիները գոհ մնան մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից»,–ասաց նա։

Հարցին՝ բուժծառայությունների ցանկը կոնկրետ կա՞, մարդիկ կարո՞ղ են մտնել ու տեսնել, թե որ ծառայություններին է վերաբերում ապահովագրությունը, նախարարը պատասխանեց. «Դրանք նախագծային փաստաթղթեր են, չեք կարող մտնել, տեսնել, նախագծերը պիտի հրապարակվեն։ Որոշ նախագծեր, օրենքի առաջին ընթերցումից հետո  անպայման կհրապարակենք»։