Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված նյու-յորքցի բժիշկը բուժվել է մահացու վտանգավոր վարակից: Այսօր՝ նոյեմբերի 11-ին նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ 33-ամյա Քրեյգ Սփենսերի մոտ վարակի առկայությունը հոկտեմբերի 23-ին է հաստատվել: Քրեյգը մի քանի օր առաջ էր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գվինեական առաքելությունից վերադարձել, որտեղ տեղացի՝ Էբոլայով վարակված հիվանդների բուժմամբ էր զբաղվում, հաղորդում է Associated Press-ը:

The New York Times-ի հաղորդմամբ, բժշկի բուժումը փորձարարական դեղամիջոցի կիրառմամբ է իրականացվել: Բացի այդ, Քրեյգը ամերիկուհի Նենսի Ռայթբոլի արյան պլազմայի ներարկում է ստացել: Վերջինս էլ Լիբերիայում էր վիրուսով վարակվել եւ ներկայումս լիովին ապաքինված է համարվում:

Քրեյգ Սփենսերի հետ տեղի ունեցած դեպքը լարվածություն է առաջացրել՝ Նյու-Յորքի բնակիչների շրջանում: Վարակված բժիշկը, նախքան հիվանդանոց տեղափոխվելը, հասցրել է մետրոյից օգտվել, ընթրել ռեստորանում եւ բոուլինգի գնալ: