Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է անպտղության կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը նվիրված պատմության մեջ առաջին գլոբալ ուղեցույցի ընդունման մասին։
Ըստ ԱՀԿ հաղորդագրության, փաստաթուղթը ներառում է մոտ քառասուն հանձնարարական և կոչված է փոխելու վերարտադրողական բժշկության մոտեցումներն ամբողջ աշխարհում՝ օգնությունն ավելի հասանելի, գիտականորեն հիմնավորված և արդար դարձնելով բեղմնավորման դժվարություններին բախվող մարդկանց համար։
Նման ուղեցույցի ստեղծման որոշումը դարձել է աճող խնդրի արձագանքը. ըստ ԱՀԿ գնահատականների, վերարտադրողական տարիքի մոտավորապես վեց մարդուց մեկն իր կյանքի որևէ փուլում անպտղության խնդիր է ունենում։
Ուղեցույցում ընդգծվում է երկրների կողմից ծնելիության հետ կապված ծառայություններն իրենց առողջապահական ազգային ծրագրերում ներառելու անհրաժեշտությունը։
Խոսքը վերաբերում է ինչպես բեղմնավորման ունակության վրա ազդող գործոնների մասին բնակչության իրազեկմանը, այնպես էլ վաղ սկրինինգի, ախտորոշիչ ընթացակարգերի և բուժման հասանելիությանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում կանխարգելմանը. խորհուրդ է տրվում բնակչությանը գիտելիքներ տրամադրել տարիքի, ծխելու, ոչ բավարար ֆիզիկական ակտիվության, սննդակարգի և կենսակերպի՝ վերարտադրողական համակարգի վրա ազդող այլ գործոնների դերի մասին։ ԱՀԿ-ն առաջարկում է նման կրթական ծրագրեր ներդնել դպրոցներում, պոլիկլինիկաներում և առաջնային բուժօգնության ծառայություններում, որպեսզի մարդիկ կարողանան նախապես իմանալ ռիսկերի և դրանց նվազեցման հնարավորությունների մասին։
Նրանց համար, ովքեր բեղմնավորման հետ կապված դժվարություններ ունեն, ուղեցույցը խորհուրդ է տալիս հետևել կլինիկական քայլերի հաջորդականությանը՝ պարզ, մատչելի և ոչ վիրահատական միջամտություններից (խորհրդատվություն, ֆերտիլության գնահատում, ձվազատման վերահսկում) մինչև ավելի բարդ մեթոդներ, ներառյալ ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորումը, երբ դա անհրաժեշտ է։ Փաստաթղթում կարևորվում է միջամտությունների անհատական նշանակումը՝ ելնելով բժշկական ցուցումներից և պացիենտի առանձնահատկություններից։
Հատուկ տեղ է հատկացված սոցիալական և հոգեբանական ասպեկտներին։ ԱՀԿ-ն նշում է, որ անպտղությունը հաճախ ուղեկցվում է սթրեսով, ամոթի զգացումով, սոցիալական մեկուսացմամբ և ֆինանսական լուրջ դժվարություններով։ Ուստի հանձնարարականներից մեկը դարձել է հոգեբանական աջակցության հասանելիության ապահովումը, ինչպես նաև հարգալից, չդատապարտող վերաբերմունքի ձևավորումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր անցնում են այդ փորձության միջով։
Ուղեցույցի հեղինակներն ընդունում են, որ մի շարք ոլորտներում գիտական տվյալները դեռևս բավարար չեն, օրինակ՝ ֆերտիլության պահպանման, դոնորության կամ քրոնիկ հիվանդությունների ազդեցության հարցերում։ Սակայն նոր ուղեցույցը հիմք է ստեղծում, որպեսզի տարբեր երկրների առողջապահական համակարգերը կարողանան զարգացնել ավելի արդյունավետ, էթիկական և հավասարապես հասանելի վերարտադրողական օգնություն։