Ինչպես ցույց է տալիս նոր հետազոտությունը, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մինչև մեկ քառորդը բաժին է ընկնում 50 տարեկանից փոքր կանանց, գրում է Health Day բժշկագիտական հանդեսը։

Նյու Յորքի տարածաշրջանի յոթ ամբուլատոր կլինիկաներում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումների 20%-ից 24%-ը բաժին է ընկել 18-49 տարեկան կանանց։ Այդ  արդյունքները ներկայացվել են երկուշաբթի Չիկագոյում Հյուսիսային Ամերիկայի ռադիոգիտական ընկերակցության տարեկան հանդիպման ժամանակ։

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղցկեղի դեպքերի զգալի մասը ախտորոշվում է 40 տարեկանից փոքր կանանց մոտ, որի համար ներկայում սքրինինգային հանձնարարականներ չկան»,- ասում է հետազոտող, Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի Elizabeth Wende Breast Care (EWBC) ռադիոլոգ, դոկտոր Ստամատիա Դեստոունիսը։

Աերիկյան Կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբը (USPSTF) խորհուրդ է տալիս մամոգրաֆիա անցկացնել երկու տարին մեկ՝ սկսած 40 տարեկանից և ընդհուպ մինչև 74 տարեկանը։

Ամերիկյան քաղցկեղի ընկերությունը խորհուրդ է տալիս տարեկան մամոգրաֆիա անցկացնել 45 տարեկանից, սակայն նշում է, որ արդեն 40 տարեկանից կանայք կարող են սկսել սքրինինգը։

Նոր հետազոտության մեջ հետազոտողները վերլուծել են EWBC-ում 2014-2024 թվականներին հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը։ EWBC-ն ներառում է յոթ ամբուլատոր կենտրոններ՝ արևմտյան Նյու Յորք նահանգից 200 մղոն շառավղով։

11 տարվա ընթացքում մասնագետները հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղի մոտ 1800 դեպք 50 տարեկանից փոքր 1300 կանանց մոտ։ Ըստ հետազոտողների՝ ուռուցքների 81%-ը ինվազիվ էին։

«Այդ քաղցկեղների մեծ մասն ինվազիվ էր, ինչը նշանակում է, որ դրանք կարող էին տարածվել կրծքագեղձից այն կողմ, և շատերը ագրեսիվ էին, հատկապես 40 տարեկանից փոքր կանանց մոտ,- պարզաբանում է Դեստունիսը։ -Որոշները եռակի բացասական էին՝ կրծքագեղձի քաղցկեղի մի տեսակ, որն ավելի դժվար է բուժել, քանի որ այն սովորական հորմոնալ թերապիաներին չի արձագանքում»։

Հետազոտողները նշում են, որ անկախ հետազոտության տարեթվից, 50 տարեկանից փոքր կանայք մշտապես կազմում էին ախտորոշված ​​կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես մեկ քառորդը, նույնիսկ այն տարիներին, երբ նրանք ավելի քիչ էին ենթարկվում սքրինինգի։

«Դա զարմանալի է, քանի որ ցույց է տալիս, որ ոչ միայն երիտասարդ կանայք են կրում հիվանդության բեռի կայուն և զգալի մասը, այլև նրանց ուռուցքները հաճախ կենսաբանորեն ագրեսիվ են»,- ասում է Դեստունիսը։ -Այս համադրությունը՝ կայուն հիվանդացության մակարդակը և անհամաչափ ագրեսիվ կենսաբանությունը, կասկածի տակ է դնում տարիքային սահմանափակումների հանձնարարականները և ամրապնդում է ավելի վաղ, ռիսկի վրա հիմնված հետազոտման անհրաժեշտությունը»։

Ըստ Դեստունիսի՝ երիտասարդ կանանց պետք է սովորեցնել, թե ինչպես ինքնուրույն զննել կրծքագեղձերը փոփոխությունները բացահայտելու համար, և լրացուցիչ ռիսկի գործոններիառկայության դեպքում  նրանք հարկ է, որ ավելի վաղ սկսեն հետազոտվել։

«Այս տվյալները հաստատում են, որ 50 տարեկանից փոքր, հատկապես 40 տարեկանից փոքր կանայք չպետք է ավտոմատ կերպով դասվեն ցածր ռիսկի խմբում։ Նրանց համար, անշուշտ, օգտակար է հնարավորինս շուտ անցնել անհատական ​​ռիսկի գնահատման»,- նշում է նա։

«Կանայք, որոնք ունեն քաղցկեղի կամ գենետիկ մուտացիաների ուժեղ ընտանեկան պատմություն, ինչպես նաև որոշ փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, ավելի երիտասարդ տարիքում կրծքագեղձի քաղցկեղ զարգացնելու ավելի բարձր ռիսկի են ենթակա»,- նշում է Դեստունիսը։

«Մենք չենք կարող ապավինել միայն տարիքին՝ որոշելով, թե ով պետք է ենթարկվի սքրինինգի։ Անձնական և ընտանեկան պատմության ուշադիր քննարկումը և հնարավոր է՝ առանձին կանանց համար ավելի վաղ սքրինինգը կարող են օգնել այս քաղցկեղները ավելի վաղ հայտնաբերել»,- եզրափակցրեց նա։

Գիտնականները նշում են, որ բժշկական համաժողովներում ներկայացված արդյունքները համարվում են նախնական, մինչև չհրապարակվեն գրախոսվող հանդեսում։