Մի խումբ ճապոնացի գիտնականներ Ալցհեյմերի հիվանդության՝ զարգացման վաղ փուլերում ախտորոշման նոր եւ պարզությամբ աչքի ընկնող միջոց են առաջարկել:

Նրանց նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Ալցհեյմերի հիվանդությանը հատուկ ախտանշանների դրեւորման պահից դեռեւս ավելի քան 10 տարի առաջ հիվանդությամբ տառապողների ուղեղում բետա-ամիլոիդների կուտակումներ են նկատվում: Բացի այդ, հիվանդության զարգացումը, ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ, արյան մեջ APP669-711 պեպտիդի բաղադրության աճով է բնորոշվում:

Ասել է, թե Ալցհեյմերի հիվանդությունը նույնիսկ նախքան դրա առաջնային ախտանշանների լիարժեք ձեւավորումը՝ հերթական ստուգումների ընթացքում կարող է ախտորոշվել: Միակ բարդությունն այս պահի դրությամբ հատուկ քիմիական ռեագենտների անհրաժեշտության, ինչպես նաեւ հետազոտության երկու մեթոդների՝ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի եւ համակարգչային տոմոգրաֆիայի համատեղությամբ՝ թույլ հասանելիություն ապահովող ՊԷՏ-ՀՏ տեխնոլոգիայով հետազոտությունների իրականացման հետ է կապված:  

Հետազոտությունը, քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոիտի Տանակիի գլխավորությամբ, Ճապոնիայում գործող հերիատրիայի եւ հերոնտոլոգիայի ազգային կենտրոնը ներկայացնող մի խումբ գիտնականներ եւ լաբորատոր սարքավորումների, չափիչ գործիքների, վերլուծական ու բժշկական սարքերի արտադրությամբ զբաղվող Shimadzu Corporation ընկերությունը ներկայացնող փորձագետներ են նախաձեռնել: