Արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցումը նախաշաքարախտի (պրեդիաբետ) փուլում 58%-ով կրճատում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի (King's College London) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology (LDE) ամսագրում։

Աշխատանքը հիմնված է երկու հետազոտությունների՝ ամերիկյան DPPOS-ի և չինական DaQingDPOS-ի մասնակիցների առողջական տվյալների վրա։ Դրանց մասնակցել են նախաշաքարախտ ունեցող կամավորներ, որոնց առողջական վիճակին հետևել են տասնամյակների ընթացքում։ Նախաշաքարախտը վիճակ է, որի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, բայց չի հասնում այն արժեքներին, որոնք բավարար են երկրորդ տիպի շաքարախտ ախտորոշելու համար։

Հեղինակները պարզել են, որ նախաշաքարախտի այսպես կոչված ռեմիսիան՝ իրավիճակ, երբ շաքարի մակարդակը վերադառնում է նորմայի սահմաններին, կապված է սիրտ-անոթային համակարգի երկարաժամկետ պաշտպանության հետ։ Այն մասնակիցների մոտ, ում հաջողվել է նորմալացնել շաքարի մակարդակը, սիրտ-անոթային հիվանդություններից մահվան կամ սրտային անբավարարության պատճառով հոսպիտալացման ռիսկը 58%-ով ավելի ցածր է եղել։ Ինֆարկտի, ինսուլտի և սիրտ-անոթային այլ լուրջ պատահարների ռիսկը նվազել է 42%-ով։

Գիտնականների խոսքով՝ պաշտպանական ազդեցությունը պահպանվել է տասնամյակների ընթացքում՝ գլյուկոզայի մակարդակի նորմալացումից հետո, ինչը մատնանշում է մետաբոլիկ փոփոխությունների կայուն ազդեցությունը, այլ ոչ թե միջամտության կարճաժամկետ արդյունքը։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ քաշի նվազեցումը կամ ֆիզիկական ակտիվության ավելացումն ինքնին չեն երաշխավորում սիրտ-անոթային ռիսկի նվազում, եթե գլյուկոզայի մակարդակը չի վերադառնում նորմայի սահմաններին։