Մանդարինը ոչ միայն համեղ, այլ նաեւ օգտակար միրգ է համարվում: NEWS.am Medicine-ի խմբագրությունը ստորեւ Ձեր ուշադրությանը 5 պատճառ է ներկայացնում՝ հենց հիմա գոնե մեկ մանդարին ուտելու համար:

1. Մանդարինը՝ վիտամինների աղբյուր 

Մանդարինը հատկապես աշնանն ու ձմռանն է օգտակար, քանի որ А, ռախիտի կանխարգելման տեսանկյունից չափազանց օգտակար D, արյունատար անոթների ճկունությունն ապահովող К, քունը կարգավորող, հիշողությունը եւ նյութափոխանակությունը բարեկարգող B4 եւ օրգանիզմի դիմադրողականությունը խթանող С վիտամինների հարուստ աղբյուր է հանդիսանում եւ կարող է իմունիտետի կայունացմանը հանգեցնել: Բացի այդ, մանդարինը նաեւ տիամինով, ռիբոֆլավինով, ասկորբինաթթվով եւ ռուտինով է հարուստ: 

2. Մանդարինն օգտակար միներալներ է պարունակում

Մանդարինը օրգանիզմին անհրաժեշտ գրեթեն բոլոր միներալների՝ կալիումի, մագնիումի, երկաթի, ֆոսֆորի, նատրիումի եւ կալցիումի հարուստ պաշարներով է աչքի ընկնում:

3. Մանդարինը չի գիրացնում

Մանդարինը դիետիկ միրգ է: 100 գրամի մեջ այն ընդամենը 53 կկալ-ի չափով էներգետիկական արժեք եւ 85-87 գրամ ջուր է պարունակում: 

4. Մանդարինն օգտակար է մարսողության համար

Մանդարինն ախորժակը բարելավելու եւ նյութափոխանակությունը արագացնելու հատկություն ունի եւ օգտակար է՝ մարսողության համար: Բացի այդ, մանդարինի ֆիտոնցիդային հատկությունները հակամիկրոբային ազդեցություն են ապահովում եւ կարող են մի շարք պաթոգեն սնկերի դեմ պայքարի միջոց ծառայել: Համարվում է, որ մանդարինը նաեւ շաքարախտի եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունի: 

5. Մանդարինը մի շարք այլ օգտակար հատկություններով է օժտված

Շնորհիվ որոշ բաղադրիչների, մանդարինը նաեւ արյունականգ ու ջերմիջեցնող հատկություններով է աչքի ընկնում եւ կարող է նյարդային համակարգի լարվածության նվազեցման միջոց ծառայել:

Զգուշացում

Մանդարինը կարող է ստամոքսի եւ աղիքների լորձաթաղանթի գրգռման պատճառ դառնալ, ուստի եւ հակացուցված է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցով, գաստրիտով, աղիքների բորբոքային հիվանդություններով, հեպատիտով, էնտերիտներով եւ մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդկանց: Մանդարինի սպառման ծավալները սահմանափակելու կարիք նաեւ ալերգիաների նկատմամբ խոցելիությամբ աչքի ընկնող մարդիկ ունեն: