78+ տարիքի անձանց համար էնդովասկուլյար վիրաբուժությունը չի փոխհատուցվի, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անկախ Փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը։

«Վերջին օրերին   թմբկահարվում է պետական ապահովագրության շրջանակում 65+ տարիքային խմբին «առողջապահական դրախտ» մոտալուտ ապագան: Ներկայացվում է, որ լուրջ առողջապահական ծառայություններ են  նախատեսվում նրանց համար, ավելին՝ անկախ այդ խմբի շահառուն աշխատում է, եկամուտ է ստեղծում  թե ոչ,  նրա փոխարեն ապահովագրավճարը վճարելու է պետությունը՝ հանձինս ՀՀ կառավարության», - գրել է նա։

Փորձագետը նշել է, որ համաձայն e-draft.am կայքում տեղադրված առողջության ապահովագրության փաթեթի նախագծի Էնդովասկուլյար (անոթների էնդովասկուլյար ինվազիվ բուժումները՝ գլխուղեղի, պերիֆերիկ  անոթների և այլն) վիրաբուժությունը  ապահովագրությամբ նախատեսված է մինչև 78 տարեկան ապահովագրված անձանց համար: Այսինքն, 78-ից բարձր տարիքային խումբը , ովքեր ՀՀ-ում շուրջ 103.000 են կազմում,  չեն կարող ապահովագրության շրջանակում իրականացնել անոթների  ինվազիվ վիրահատություններ:

«Ինչո՞ւ է սա խնդրահարույց.

Առողջապահության ապահովագրության ներկայացված փաթեթում էնդովասկուլյար միջամտությունները 78+ տարեկանների համար սահմանափակելը բժշկական և իրավական հիմնավորում չունի։ Տարիքը ինքնին չի կարող լինել բուժման բացառման չափանիշ։

Էնդովասկուլյար միջամտությունները հենց այն տեխնոլոգիաներն են, որոնք առավել հաճախ նախատեսված են տարեցների համար, քանի որ.

  • նվազ ինվազիվ են,
  • ունեն ցածր բարդությունների ռիսկ,
  • կարճ վերականգնման շրջան։

Միջազգային պրակտիկայում որոշիչ է հիվանդի առողջական վիճակը և կլինիկական հակացուցումները, ոչ թե կենսաբանական տարիքային շեմը։

Այս մոտեցումը ստեղծում է տարիքային խտրականություն և խախտում է առողջության իրավունքը՝ հատկապես ազդելով այն խմբի վրա, որն ամենաշատն ունի սրտանոթային հիվանդությունների բեռ։

Եթե պետությունը առողջապահական քաղաքականություն է իրականացնում, սոցիալական համերաշխության և արդարության հիմնասյուներով, այն պետք է հիմնված լինի բժշկական գնահատման, ոչ թե տարիքային բացառման վրա։ Այս դրվագով կոպտորեն խախտվել է տարեցների առողջության իրավունքը:

Ստացվում է, որ 78-ից բարձր տարիք ունեցողների համար ավելի փոքր՝ խտրական փաթեթ է նախատեսվել:

Միջազգային մոտեցում.

ՄԱԿ-ը (սկզբունքներ տարեցների համար 1991թ.) և ԱՀԿ-ն ճանաչում են տարեցների բուժման, շարունակական հսկողության, անհատականացված ծառայությունների իրավունքը և կոչ են անում բոլոր անդամ պետություններին պաշտպանել տարեցներին  չարաշահումներից ու անտեսումից։

Եվրոպական սոցիալական խարտիա.

Երաշխավորում է արժանապատիվ կյանք, անկախություն, ծառայությունների հավասար հասանելիություն և պաշտպանություն խտրականությունից։

Եզրակացություն

  • Խախտվում է առողջության իրավունքը
  • ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով (ՄԱԿ, ԵԽ) առողջության իրավունքը ենթակա չէ տարիքային բացառման, եթե չկա բժշկական հիմնավորում։
  • Չկա անհատական բժշկական գնահատում
  • Որոշումը կայացվում է ոչ թե բժշկական ցուցումների, այլ կենսաբանական տարիքով, ինչը հակասում է բժշկության էթիկային և մարդու իրավունքների սկզբունքին։
  • Խտրականությունը չի հետապնդում լեգիտիմ նպատակ համաչափ միջոցներով, նույնիսկ եթե նպատակը ծախսերի կառավարումն է, տարիքային կոշտ շեմը ոչ համաչափ միջոց է, երբ գոյություն ունեն ավելի նուրբ՝ կլինիկական գնահատման գործիքներ։
  • Ազդում է ամենախոցելի խմբի վրա

Սրտանոթային հիվանդությունների բարձր բեռ ունեցող տարեց անձինք փաստացի զրկվում են կյանքի փրկող կամ հաշմանդամությունը կանխող միջամտություններից։

Հ.Գ.  Որոշիչը պետք է լինի.

  • Հիվանդի վիճակը,
  • Ուղեկցող հիվանդությունները», - գրել է Ծաղիկ Վարդանյանը։