2025 թվականի հունվարի 3-ից շտապօգնության մի շարք կանչեր ամբողջությամբ փոխանցվելու են Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին, որոնք ենթակա են սպասարկման մինչև 120 րոպեի ընթացքում (եթե կանչը փոխանցվում է հերթապահության ավարտին՝ սպասարկվում է հաջորդ աշխատանքային օրվա առաջին ժամերին)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
«Սիրելի ընտանեկան բժիշկներ, թերապևտներ և մանկաբույժներ, պատրաստվեք։
Ձեզ են փոխանցվելու հետևյալ կանչերը․
- Մինչև 38.5°C ջերմություն, առանց կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների
- Հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ
- Առանց կլինիկական արտահայտված ախտանիշների զարկերակային գերճնշում ( >140/90)
- Քրոնիկական հոդացավեր և մկանացավեր
- Քրոնիկական ալկոհոլիզմով կամ այլ քրոնիկական հիվանդություններով անձանց կրկնակի կանչեր նույն օրը, առանց սրացման
- Նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչեր, առանց նոր սրացած ախտանիշների
- Նույն հասցեից, նույն պատճառով 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե առաջին կանչի ժամանակ անհետաձգելի վիճակ չի արձանագրվել
- Նույն հասցեից 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե պացիենտը հրաժարվել է հոսպիտալացումից
Ի դեպ, այս ամենը ձեր աշխատավարձի վրա որևէ կերպ չի անդրադառնալու։
Հ.Գ.
Տիկին Անահիտ Ավանեսյան, առաջարկում եմ մի փոքր գործնական վարժություն։
Այսօր գնացեք, օրինակ, Վարդենիսի տարածաշրջանի Ծովակի ամբուլատորիա,
և փորձեք ընտանեկան բժշկի հետ 120 րոպեի ընթացքում հասնել Ախպրաձոր գյուղի կանչին։
Ի դեպ՝ ամբուլատորիան ավտոմեքենա չունի։
Ինչու այսօր՞ — որովհետև լավ ձյուն է գալիս։
Հ.Հ.Գ.
Հա, ու խնդրում եմ՝ չմոռանաք մի գեղեցիկ ռիլ նկարել․․․», - գրել է նա։






