Ճապոնական Fujifilm Holdings Corp կորպորացիայի ջանքերով մշակված՝ ավիգան անվամբ հայտնի դեղամիջոցը դրական արդյունքներ է արձանագրել՝ Էբոլա տենդի դեմ պայքարում: Ինչպես ընկերության նախագահ Սիգետակա Կոմորին է Տոկիոյում կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարել, դեղամիջոցի փորձարկմանը ենթարկված չորս վարակակիր հիվանդները ներկայումս արդեն ապաքինման փուլում են գտնվում:

«Ենթադրում ենք, որ մեր դեղամիջոցը խիստ արդյունավետ է գտնվելու՝ հիվանդության բուժման գործում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հայտարարել է Fujifilm-ի նախագահը:

Ավիգանը, որ նաեւ ֆավիպիրավիր անվամբ է հայտնի, դեռեւս 1998թ.-ին է մշակվել եւ պոլիմերազի՝ բազմացման նպատակով վիրուսի կողմից օգտագործվող ֆերմենտի նկատմամբ հարձակողական գործողություններով է բնորոշվում: Ավելի վաղ ավիգանը գրիպի դեմ կիրառման ենթակա դեղամիջոցի վկայագրման գործընթաց է անցել:

Fujifilm ընկերությունը նախկինում լուսա- եւ տեսաժապավեննի խոշորագույն արտադրողներից մեկն էր հանդիսանում, սակայն ավելի ուշ դադարեցրել է դրանց արտադրությունը եւ գործունեության այլ ոլորտների, մասնավորապես՝ դեղագործության անցել: