H3N2 գրիպի վիրուսը արագորեն տարածվում է և արդեն հայտնաբերվել է 30 երկրներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակների և համավարակների դեմ պայքարի դեպարտամենտի գլոբալ ռեսպիրատոր սպառնալիքների բաժնի ղեկավար Վենցին Չժանը։

Մենք դիտարկում ենք A(H3N2) վիրուսի նոր ենթախմբի ի հայտ գալը և արագ տարածումը, որը ստացել է J.2.4.1 կամ «K» անվանումը: «K ենթախմբի» վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է օգոստոսին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում և այդ ժամանակից ի վեր այն հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ բացառությամբ Հարավային Ամերիկայի»,— ասել է նա։

Ընդ որում, նրա խոսքով, ներկայիս համաճարակաբանական տվյալները չեն մատնանշում հիվանդության ծանրության աստիճանի աճ, թեև այդ գենետիկական փոփոխությունները վկայում են վիրուսի զգալի էվոլյուցիայի մասին: Նա ընդգծել է, որ գրիպի վիրուսները արագ են մուտացիայի ենթարկվում, ուստի անհրաժեշտ է կանոնավոր կերպով թարմացնել գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրությունը:

Ըստ ԱՀԿ-ի՝ այս սեզոնին գրիպով հիվանդացության գլոբալ մակարդակն առայժմ գտնվում է սպասվող արժեքների սահմաններում, սակայն, հոկտեմբերից սկսած, որոշ երկրներում դիտվում է գրիպի սեզոնի վաղ սկիզբ, որն արագորեն հասնում է համաճարակային մակարդակի։