Սրտանոթային հիվանդությունը մնում է մահվան հիմնական պատճառը ամբողջ աշխարհում, և հետազոտությունների աճող թիվը վկայում է, որ վերականգնումը ոչ միայն բժշկական, այլև հուզական և սոցիալական գործընթաց է: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ամուր և միմյանց աջակցող հարաբերությունները կարող են իսկապես բարելավել սրտի հիվանդություն ունեցող մարդկանց առողջությունը:

Elsevier հրատարակության՝ Canadian Journal of Cardiology բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը բուժառուների մտերիմ զուգընկերներին կոչ է անում ներգրավել սրտային վերականգնողական ծրագրերում: Հեղինակների կարծիքով՝ այդ մոտեցումը կարող է բարելավել ոչ միայն սրտի երկարատև առողջությունը, այլև զույգի երկու անդամների կյանքի որակը:

Զույգերի վրա կենտրոնացած ծրագրերի արդյունավետության վերլուծությունը ցույց է տվել, որ վերանայված հետազոտությունների 77 տոկոսը նշել է առողջությանն առնչվող վարքագծի բարելավումներ: Այդ փոփոխությունները անդրադարձել են ինչպես սրտանոթային ռիսկի գործոնների, այնպես էլ հիվանդների և նրանց զուգընկերների հոգեկան առողջության վրա: Մի շարք դեպքերում գրանցվել են դրական փոփոխություններ ինչպես կլինիկական արդյունքների, այնպես էլ հուզական բարեկեցության մեջ:

Ըստ Օտտավայի համալսարանին առընթեր Սրտի ինստիտուտի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր Հեզեր Թալոքի՝ զարմանալի է, որ հաշվի առնելով հարաբերությունների որակի և սրտի առողջության միջև հայտնի փոխադրաձ կապը, այդքան քիչ միջամտություններ են ուղղակիորեն անդրադառնում բուն հարաբերություններին։ Նա ընդգծում է, որ սրտային դեպքերն ազդում են ոչ միայն բուժառուի, այլև զույգի վրա՝ երբեմն ավելի մտերմացնելով զուգընկերներին, մինչդեռ երբեմն զգալի լարվածություն ստեղծելով հարաբերությունների վրա։

Այսօր սրտային խնամքը հիմնականում կենտրոնացած է բուժառուի վրա։ Սակայն զույգերի վրա կենտրոնացած ծրագրերն առաջարկում են այլ մոտեցում՝ ներգրավելով երկու զուգընկերներին վերականգնման գործընթացում և կենսակերպի փոփոխություններում։ Դա արդարացված է, քանի որ զուգընկերները հաճախ օգնում են պատրաստել ավելի առողջ սնունդ, խրախուսել ֆիզիկական ակտիվությունը և վերահսկել բուժման հետևողականությունը։ Սակայն նման ծրագրերի ազդեցությունը հուզական հարմարվողականության և հարաբերությունների որակի վրա դեռևս բավարար չափով հետազոտված չէ, և հեղինակներն ընդգծում են այս ոլորտում հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը։

Քանի որ առողջապահական համակարգերն ավելի ու ավելի են անցնում բուժառուի և ընտանեկան խնամքի, զուգընկերների ներգրավումը սրտի վերականգնմանը կարող է զգալի օգուտներ բերել։ Դա օգուտ է բերում ոչ միայն բուժառուներին, այլև նրանց մերձավորներին, որոնք հաճախ ունեն նմանատիպ սրտանոթային ռիսկեր։ Ինչպես նշում է Թալոքը, ապագա ծրագրերը պետք է զույգերին օգնեն հաղթահարելու հիվանդությունը՝ միաժամանակ ամրապնդելով նրանց ֆիզիկական առողջությունը, հոգեկան բարեկեցությունը և բուն հարաբերությունները։