Հայաստանում 50-րդ շաբաթն է՝ շարունակվում է գրանցվել սուր շնչառական վարակների բարձր մակարդակ։ Դրա մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հաշվետու ժամանակահատվածում երկրի տարբեր կլինիկաներ բուժման է դիմել 15 151 մարդ՝ սուր շնչառական վարակների ախտանիշներով, ինչը 1,2 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթվա ցուցանիշը։ Վարակվածների մեծ մասը երեխաներ են։
«Գրանցված դեպքերի մոտ 80%-ը 0-18 տարեկան երեխաների շրջանում է»,- նշել է Հովհաննիսյանը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Արմավիրի, Շիրակի և Արարատի մարզերում, ինչպես նաև Երևանում։
Ո՞ր վիրուսներն են շրջանառվում
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ երկրում ներկայում շրջանառվում են ձմեռային շրջանին բնորոշ սեզոնային հարուցիչներ։ Սա հիմնականում վերաբերում է գրիպի A վիրուսի H3N2 ենթատիպին, ինչպես նաև բոկավիրուսին և ռինովիրուսին։
Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, նոր հարուցիչներ չեն հայտնաբերվել։
«Ներկայում գերակշռում է գրիպի A տիպի H3N2-ի շրջանառությունը»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Ըստ մասնագետի՝ սուր շնչառական վարակների ախտանիշները մնում են բնորոշ՝ ընդհանուր թուլություն, քթի հոսք, հազ, փռշտոց և ջերմություն։
Այնուամենայնիվ, գրիպն աչքի է ընկնում ավելի ծանր ընթացքով։ «Գրիպը բնութագրվում է հիվանդության ավելի սուր սկիզբով՝ ավելի բարձր և հաճախ դժվար վերահսկվող ջերմաստիճանով»,- բացատրել է նա։
Թոքաբորբ և հոսպիտալացումներ
Հովհաննիսյանը նշել է գրիպի հետ կապված թոքաբորբի ռիսկի աճը՝ ընդգծելով, որ նման բարդությունները վերջին շաբաթներին իսկապես ավելի հաճախադեպ են դարձել։
Ներկայացված տվյալներով՝ 50-րդ շաբաթվա ընթացքում թոքաբորբով 937 հիվանդ դիմել է առաջնային օղակին, ինչը 1.3 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Երեխաները մնում են ամենախոցելի խումբը։
«0-ից 18 տարեկան երեխաներն ամենից հաճախ են տառապում թոքաբորբից, այս խմբում գերակշռում են 14 տարեկանից փոքր երեխաները»,- հստակեցրել է Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ստացիոնար բուժմանը, շաբաթվա ընթացքում գրանցվել է 1055 հոսպիտալացում, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը: Հոսպիտալացվածների 91,7%-ը երեխաներ են։
Իրավիճակը համապատասխանում է սեզոնին
Չնայած հոսպիտալացումների և այցելությունների աճին, Առողջապահության նախարարությունն ընդգծում է, որ իրավիճակը մնում է սեզոնային և չի գերազանցում տարվա այս եղանակին բնորոշ դեպքերը։
«Այո, թվերն աճել են նախորդ շաբաթվա համեմատ, բայց սա համապատասխանում է սեզոնային ակտիվությանը»,- եզրափակել է Աիդա Հովհաննիսյանը:






