2-րդ տիպի շաքարային դիաբետը տեսողության վրա ազդում է զգալիորեն ավելի վաղ, քան ստանդարտ ակնաբուժական հետազոտությունները կարող են հայտնաբերել, նման եզրակացության են հանգել Կոիմբրայի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Eye and Vision (EyeVi) բժշկագիտական հանդեսում։

Փոփոխություններն ավելի ճշգրիտ հետևելու համար, ցանցաթաղանթի շերտերի հաստությունը գնահատելու փոխարեն, գիտնականներն ուսումնասիրել են շաքարային դիաբետով կրծողների մոտ պատկերների միկրոկառուցվածքը՝ այսպես կոչված հյուսվածքային նյութակազմվածքը։ Պարզվել է, որ ցանցաթաղանթում նույնիսկ հիվանդության վաղ փուլերում տեղի են ունենում նուրբ կառուցվածքային փոփոխություններ, որոնք մնում են աննկատելի սովորական հետազոտության ժամանակ և նույնիսկ ավանդական օպտիկական համակցված տոմոգրաֆիայի (OCT) վերլուծության ժամանակ։

Պարզվել է, որ տեսողական ազդանշանների փոխանցման համար պատասխանատու ցանցաթաղանթի շերտերը հյուսվածքային կազմակերպման և ֆունկցիոնալ բնութագրերի փոփոխություններ են կրում շաքարային դիաբետի սկսվելուց 8-12 շաբաթ անց։ Այդ փոփոխությունները տեղի են ունենում նույնիսկ շաքարային դիաբետիկ ռետինոպաթիայի սկսվելուց առաջ, մինչդեռ ցանցաթաղանթի պատնեշը մնում է անփոփոխ։

Ըստ գիտնականների՝ արդյունքները ցույց են տալիս, որ շաքարային դիաբետը սկսում է վերակառուցել տեսողական համակարգը տեսողության կլինիկական վատթարացումից շատ ավելի վաղ։ Հետազոտողները նշում են, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը արյան անոթների թափանցելիության բարձրացման պատճառ է դառնում, ինչը հնարավորություն է տալիս արյան հեղուկ մասին ներթափանցել ցանցաթաղանթի ներքին մասը։ Դա հանգեցնում է ցանցաթաղանթի այտուցվածության և հաստացման, ամենից հաճախ՝ դրա կենտրոնական հատվածում (մակուլայում)։

Բացի դրանից, շաքարի բարձր մակարդակ ունեցող արյունը դառնում է ավելի մածուցիկ, ինչը ժամանակի ընթացքում խաթարում է անոթների սնուցումը և արյան մատակարարումը։