Նիկոտինը թունավոր է սրտի եւ անոթների համար՝ անկախ նրանից, թե ինչպես է այն օգտագործվում՝ ծխախոտի, վեյփի, նարգիլեի, տաքացվող ծխախոտային համակարգերի, թե նիկոտինային բարձիկների ձեւով։ Այս եզրակացությանն է հանգել գիտնականների միջազգային խումբը։ Հետազոտությունը հրապարակվել է European Heart Journal (EHJ)-ում։
Հեղինակները վերլուծել են թեմայի վերաբերյալ ողջ առկա գրականությունը եւ եզրակացրել, որ նիկոտինի ոչ մի արտադրանք չի կարող անվտանգ համարվել սիրտ-անոթային համակարգի համար։ Նիկոտինը բարձրացնում է արյան ճնշումը, վնասում է անոթային պատերը եւ մեծացնում սրտի կաթվածի եւ ինսուլտի ռիսկը նույնիսկ առանց ծխախոտի այրման արտադրանքի ազդեցության։
Հետազոտողները հատկապես մտահոգված են դեռահասների եւ երիտասարդների շրջանում վեյփերի, տաքացվող ծխախոտի եւ նիկոտինային բարձիկների օգտագործման արագ աճով։ Հաշվետվության համաձայն՝ էլեկտրոնային սիգարետ օգտագործող երիտասարդների մոտ 75 տոկոսը նախկին ծխողներ են։ Մասնագետները կարծում են, որ ամորտիզատորները, գովազդը սոցցանցերում եւ թույլ կարգավորումը այս արտադրանքը դարձնում են նիկոտինային կախվածության «մեկնակետ»։
Հեղինակներն ընդգծել են, որ էլեկտրոնային սիգարետները եւ բարձիկները ծխելը թողնելու արդյունավետ միջոց չեն։ Ընդհակառակը, դրանց օգտագործումը հաճախ հանգեցնում է կրկնակի սպառման՝ սովորական սիգարետների հետ միաժամանակ։ Բացի այդ, վեյփերի եւ տաքացված ծխախոտի աերոզոլների պասիվ ազդեցությունը նույնպես վնասում է անոթները։
Մասնագետները կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ արոմատիզատորների արգելք, միասնական փաթեթավորման պահանջ, նիկոտինի պարունակության համաչափ հարկում, առցանց եւ սոցիալական ցանցերում գովազդի լիակատար արգելք, ինչպես նաեւ ծխից եւ աերոզոլից զերծ գոտիների ընդլայնում։
«Նիկոտինը անվնաս խթանիչ չէ, այլ ուղիղ սիրտ-անոթային թույն։ Անկախ մատակարարման եղանակից՝ մենք տեսնում ենք անոթների ախտահարում եւ սրտի հիվանդությունների ռիսկի աճ։ Սրտի համար անվտանգ նիկոտինային արտադրանք գոյություն չունի»,- նշել է Մայնցի համալսարանական բժշկական կենտրոնի պրոֆեսոր Թոմաս Մյունցելը։
Նրա խոսքով՝ «ավելի անվտանգ նիկոտինի» գաղափարը պետք է վերանայվի, քանի որ երիտասարդները դառնում են ագրեսիվ մարքեթինգի հիմնական թիրախը։
«Հաջորդ կաթվածը կամ ինսուլտը կարող է առաջանալ ոչ թե ծխախոտից, այլ արոմատացված վեյփից կամ նիկոտինի բարձիկից»,- ընդգծել է նա։






