Մալիի իշխանությունները Էբոլա հեմոռագիկ տենդի հետեւանքով մահվան երկրորդ դեպքի վերաբերյալ տեղեկությունների հաստատմամբ են հանդես եկել: Համաճարակի ճիրաններում այս անգամ երկրի մայրաքաղաք Բամակոյում գործող Պաստերի հիվանդանոցում Գվինեայից ժամանած հիվանդին խնամող բուժքույրերից մեկն է հայտնվել: Ներկայումս հիվանդանոցն ամբողջությամբ կարանտինի է հանձնվել:
BBC News-ի հաղորդմամբ, մահացու վտանգավոր հիվանդությամբ հերթական վարակումը որեւէ առնչություն չունի առաջին դեպքի հետ, երբ վիրուսի զոհը հոկտեմբերի վերջին օրերին մահացած 2-ամյա աղջնակ էր դարձել: Մալիում վարակման երկրորդ դեպքի մասին լուրերը փոքրիկի հետ հավանական շփում ունեցած մարդկանց կարանտինի ավարտին հաջորդող օրն են ստացվել:
Ընթացիկ համաճարակի ողջ ընթացքում տենդից մահացության շուրջ 5 հազար դեպք է գրանցվել: Զոհերի մեծ մասը Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Գվինեայի, Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի բնակիչներ են: Վիրուսով վարակման դեպքերի թիվն այս պահի դրությամբ ավելի քան 13 հազար է կազմում:






