Դաջվածքի գունանյութերը չեն մնում մաշկի մեջ, այլ տարածվում են ամբողջ մարմնով մեկ և կուտակվում են ավշային հանգույցներում՝ ազդելով իմունային համակարգի վրա: Դա ցույց է տրվել մկների վրա կատարված հետազոտությունը, որի արդյուքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences  (PNAS) հանդեսում:

Հետազոտությունը կասկածի տակ է դնում այն ​​​​մտածողությունը, ըստ որի՝ դաջվածքները զուտ տեղայնացված միջամտություն են: Հետազոտողները ցույց են տվել, որ անլուծելի թանաքի մասնիկները, քսելուց հետո, անցնում են ավշային համակարգ և մնում հանգույցներում, որտեղ փոխազդում են իմունային բջիջների հետ:

Փորձարկումները կատարվել են մկների վրա. կենդանիների թաթերի վրա դաջվածքներ են արվել սև, կարմիր և կանաչ թանաքով: Բարձր զգայուն մանրադիտակի միջոցով գիտնականները հետևել են գունանյութերի ուղուն և պարզել, որ մասնիկներից մի քանիսն առաջին մի քանի ժամվա ընթացքում հասել են մոտակա ավշային հանգույցներ: Այնտեղ դրանք կլանել են մակրոֆագերը՝ իմունային պատասխանի ակտիվացման գործում կարևոր դեր խաղացող բջիջները:

Դաջվածքից մեկ օր անց ավշային հանգույցներում մակրոֆագերի քանակը կտրուկ նվազել է, ինչը ցույց է տալիս, որ որոշ բջիջներ մահանում են թանաքի հետ շփումից հետո: Սակայն, իրենք՝ գունանյութերը, առնվազն երկու ամիս պահպանվել են հանգույցներում։ Դրանց ազդեցությունն իմունիտետի վրա միանշանակ չէր և տարբերվում էր՝ կախված իրավիճակից։

Երբ mRNA ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը ներարկվել է դաջվածքի հատվածում, իմունային պատասխանը՝ հակամարմինների արտադրությունը, թուլացել է։ Միևնույն ժամանակ, ինակտիվացված գրիպի պատվաստանյութի օգտագործման ժամանակ, տեղային բորբոքումը, որն ուղեկցվել է մակրոֆագերի մահով, իրականում ուժեղացրել է իմունային պատասխանը։

Հեղինակներն ընդգծում են, որ դեռ շատ վաղ է այս արդյունքներն ուղղակիորեն կիրառել մարդկանց վրա։ Սակայն նրանք խորհուրդ են տալիս չներարկել անմիջապես դաջվածքի հատվածում և ընդհանուր առմամբ խորհուրդ են տալիս զգուշություն ցուցաբերել պատվաստումների հետ, քանի որ դաջվածքի գունանյութերի երկարատև ազդեցությունըն իմունային համակարգի վրա դեռևս քիչ է ուսումնասիրված։