ԱՄՆ Ալյասկա նահանգի իշխանությունները հաստատել են mpox-ով (կապկի ծաղիկ) վարակման դեպքը, որը գրանցվել է Անքորիջի չափահաս բնակչի մոտ, ով վերջերս է ուղևորություն կատարել նահանգի սահմաններից դուրս։ Այս մասին պաշտոնական ծանուցմամբ հայտնել է Ալյասկայի առողջապահության նախարարության համաճարակաբանական ստորաբաժանումը, հայտնում է Anchorage Daily News-ը։

Դեկտեմբերի 22-ի դրությամբ հիվանդության լրացուցիչ դեպքեր կամ վարակի տեղային փոխանցման նշաններ չեն հայտնաբերվել։ Հիվանդն այժմ գտնվում է տնային մեկուսացման մեջ և ապաքինվում է։ Բժիշկների տվյալներով՝ պացիենտը պատվաստված չի եղել և նախկինում այցելել է այնպիսի տարածաշրջաններ, որտեղ շարունակվում է կապկի ծաղկի տարածումը։

Առողջապահական մարմինները պարզել են հիվանդի հետ շփում ունեցած անձանց շրջանակը։ Այդ մարդկանց նկատմամբ իրականացվում է իրազեկում, ռիսկերի գնահատում և բժշկական հսկողություն։

Կապկի ծաղիկը փոխանցվում է վարակված մարդու հետ սերտ ֆիզիկական շփման, աղտոտված իրերի կամ վարակված կենդանիների հետ շփման միջոցով։ Հիվանդության տևողությունը սովորաբար երկուսից չորս շաբաթ է։ Գաղտնի շրջանը կարող է տևել երեքից տասնյոթ օր, իսկ վարակելիությունը սկսվում է ախտանիշների հայտնվելուն պես, որոնք ներառում են տենդ, սարսուռ, հոգնածություն, մաշկային ցան և մաշկի վնասվածքներ։ Ամենից հաճախ ցանը տեղակայվում է ձեռքերի, ոտքերի, դեմքի, կրծքավանդակի կամ սեռական օրգանների շրջանում։

Ալյասկայում կապկի ծաղկի առաջին դեպքը գրանցվել է 2022 թվականին։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ mpox-ի երկրորդ տեսակի շարունակվող համաշխարհային բռնկումը հանգեցրել է ավելի քան 100 հազար հիվանդության դեպքի՝ աշխարհի 122 երկրներում։ Յուրահատուկ բուժում գոյություն չունի, սակայն հասանելի են պատվաստանյութեր ինչպես կանխարգելման, այնպես էլ վիրուսի հետ շփումից հետո շտապ պաշտպանության համար։