Ծանր մանկության փորձը կարող է տարբեր կերպ ազդել այն բանի վրա, թե ինչպես է մարդը կառուցում իր կյանքը, եւ դրանում կարեւոր դեր են խաղում անձի առանձնահատկությունները։ Այսպիսի եզրահանգման են եկել հոգեբանները՝ ուսումնասիրելով կապը մանկական տրավմաների՝ բնավորության այսպես կոչված «մութ» գծերի եւ կենսական ռազմավարությունների միջեւ։ Աշխատանքը հրապարակվել է Personality and Individual Differences (PID) ամսագրում։
Գիտնականները հիմնվել են կենսական ռազմավարությունների տեսության վրա, որը ենթադրում է, որ մարդիկ ռեսուրսները բաշխում են ներկայի եւ ապագայի միջեւ: Անբարենպաստ եւ անկանխատեսելի միջավայրում ավելի հավանական է զարգացնել «արագ» ռազմավարությունը՝ կենտրոնացած անմիջական օգուտի, ռիսկի եւ կարճաժամկետ նպատակների վրա: Կայուն պայմաններում, ընդհակառակը, գերակշռում է «դանդաղ» ռազմավարությունը, որը շեշտը դնում է երկարաժամկետ պլանավորման եւ կայուն հարաբերությունների վրա:
Հետազոտությանը մասնակցել է 270 ուսանող: Նրանք լրացրել են հարցաթերթիկներ մանկության տրավմաների, ընտանեկան բարեկեցության եւ «մութ եռյակի» հատկանիշների՝ նարցիսականության, մաքիավելիզմի եւ պսիխոպաթիայի ծանրության վերաբերյալ: Արդյունքները ցույց են տվել, որ մանկության դժվար փորձառություններն իսկապես կապված են «արագ» կենսական ռազմավարության զարգացման հետ:
Ամենահետաքրքիր ազդեցությունը հայտնաբերվել է ենթակլինիկական պսիխոպաթիայի դեպքում: Հենց այս գործոնն էր, որն ամրապնդել է տրավմայի եւ կենսական ռազմավարության ընտրության միջեւ կապը: Պսիխոպաթիայի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ մանկական տրավման ավելի թույլ ազդեցություն է ունեցել ռիսկի կողմնորոշման եւ կարճաժամկետ նպատակների վրա: Այնուամենայնիվ, այս հատկանիշի բարձր մակարդակի դեպքում ազդեցությունը զգալիորեն ավելի ուժեղ է եղել:
«Այս դեպքում պսիխոպաթիան հանդես է գալիս որպես բացասական փորձառությունների նկատմամբ արձագանքի ուժեղացուցիչ՝ անհատին մղելով ավելի կոշտ եւ գոյատեւման վրա կենտրոնացած ռազմավարության»,- նշել են հետազոտության հեղինակները: Նրանց կարծիքով՝ նման հատկանիշները կարող են ծառայել հարմարվողական գործառույթի՝ օգնելով անհատներին ավելի արագ ձեռք բերել ռեսուրսներ աշխարհում, որը որպես վտանգավոր է ընկալվում։
Ընդ որում՝ մանկության տարիներին ընտանիքի սոցիալ-տնտեսական դրությունը, չնայած կապված է կենսական ռազմավարությունների հետ, չի մեծացրել տրավմայի ազդեցությունը: Սա վկայում է այն մասին, որ բռնության եւ անտեսման հոգեբանական հետեւանքները գործում են համեմատաբար անկախ եկամտի մակարդակից:






