Վնասակար սովորությունները մեծ տարածում ունեն բնակչության շրջանում և դառնում են բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ։ Մի քանի ամենատարածված վնասակար սովորությունների և դրանց հետևանքների մասին զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի ընդհանուր թերապիայի և ամբուլատոր հիվանդանոցային ծառայության ղեկավար Ալլա Սաֆարյանի հետ։

Ձեր պրակտիկայում ո՞ր վնասակար սովորություններն են ամենահաճախը հանդիպում պացիենտների մոտ, և ինչպե՞ս են դրանք հիմնականում անդրադառնում նրանց առողջության վրա։

Իմ պրակտիկայում ամենահաճախ հանդիպող վնասակար սովորությունը իհարկե ծխելն է, նաև հիպոդինամիան, անառողջ սնվելը, որոնք էլ կարող են պատճառ դառնալ ավել քաշի և գիրության։ Այս բոլորը ռիսկի գործոններ են սիրտ – անոթային հիվանդությունների և վատ են անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։

Վնասակար սովորություններից է նաև ալկոհոլի չարաշահումը, որը իմ պրակտիկայում այդքան էլ չի հանդիպում, բայց պետք է չչարաշահել։ Շատ ալկոհոլի կիրառումը նույնպես բերում է առողջական վատ հետևանքների, օրինակ լյարդի վնասում, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, հոգեբանակ և նյարդաբանական խնդիրներ և այլն։ 

Նստակյաց կյանքը և անառողջ սնունդը բավականին տարածված խնդիրներ են այսօր։ Ի՞նչ հետևանքներ են ունենում դրանք, և ինչ խորհուրդ կտաք այս սովորություններով մարդկանց։

Նստակյաց կյանքը և անառողջ սննդի հետևանքով առաջանում են սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, մետաբոլիկ սինդրոմ՝ այսինքն նյութափոխանակության խանգարում, քաշի ավելացում, որն էլ իր հերթին ռիսկի գործոն է դիաբետի, ինֆարկտի, ինսուլտի համար։

Տղամարդկանց մոտ գոտկատեղը պետք է լինի 103սմ –ից ոչ ավել։ Եթե գերազանցում է այս թիվը, դա խոսում է նրա մասին, որ կա ոչ միայն արտաքին ճարպակալում, այլ նաև ներքին օրգանների ճարպակալում։

Խորհուրդ կտամ նման դեպքերում անպայման զբաղվել սպորտով, լողի գնալ, շատ քայլել, և առողջ սնվել՝ չափավոր կալորիաներով, հացը ու շաքարը սահմանափակել, երեկոյան ժամերին չուտել։

Խոսենք  ծխելու, որպես վնասակար սովորության մասին։ Ի՞նչ հետևանքներ է այն ունենում առողջության վրա։

Ծխելու հետևանքով առաջանում է թոքերի ախտահարում, սիրտ-անոթային համակարգի ախտահարում, նաև քաղցկեղի առաջացում։ Հիմնական պատճառը այն է, որ սիգարետը այրվում է բարձր ջերմաստիճանում՝ մինչև 800 աստիճան և  այս ջերմաստիճանում առաջանում են մի շարք վնասակար ու կանցերոգեն նյութեր։ Այս նյութերը ոչ միայն անցնում են ծխողի օրգանիզմ, այլ նաև պասիվ ծխողների վրա են մեծ ազդեցություն ունենում։

Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է աջակցել այն մարդկանց, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, բայց ուզում են  նվազեցնել առողջական ռիսկերը։

Միանշանակ պետք է փորձել օգնել բուժառուին, որ նա թողնի ծխելը։ Եթե մարդը չի կարողանում հաղթահարել կախվածությունը, կարող է գոնե դիմել այլընտրանքային նիկոտին փոխարինող արտադրանքների (նիկոտինային մաստակներ, ծխախոտի տաքացման համակարգեր, նիկոտինային սպեղանիներ, բարձիկներ), որոնք չեն պարունակում խեժ, որը և օդն է աղտոտում և նստում է ծխող մարդկանց թոքերում: Այս այլընտրանքները ևս անվնաս չեն, սակայն ավելի պակաս ռիսկ են ներկայացնում։