Facebook-ում ընկերների հետ կապի մեջ մնալու արդյունավետությունը հատկապես ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհիներից մեկի պարագայում է ակնառու դարձել: Վերջինիս հաջողվել է, ստատուսի թարմացման շնորհիվ, լյարդի դոնոր գտնել՝ դստեր համար, հաղորդում է FoxNews-ը:

Դոնյա ՄաքՔոյի 3-ամյա դուստրը՝ Քենեդի Սթիվենսոնը, հազվադեպ բնույթ կրող նյութափոխանակային հիվանդությամբ է տառապում: Բավական է ասել, որ աշխարհում ներկայումս տվյալ խանգարմամբ ախտորոշված ընդամենը ութ մարդ գոյություն ունի: 

Սակայն Քենեդին առաջիններից մեկն է լյարդի փոխպատվաստմանը միտված վիրահատության ենթարկվելու, որի շնորհիվ բժիշկներն աղջկա կյանքը փրկելու հույսեր են փայփայում: Իսկ դոնորի դերում Դոնյայի նախկին դասընկեր Մայքլ Թոմսոնն է հանդես գալու:

«Եթե չեմ սխալվում՝ 5 թե 6 անգամ հարցրեցի՝ արդյոք կատակ չի՞ անում», - պատմել է Դոնյան՝ Մայքլի՝ իր ստատուսին առաջին արձագանքը մտաբերելով:

Պարցվեց՝ կատակ չի անում: Հետագայում էլ՝ հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ Մայքլի լյարդը միանգամայն հարմար է՝ մասնակի՝ 25 տոկոսի չափով փոխպատվաստման համար: Այնպես որ Փիթսբուրգի մանկական հիվանդանոցի բժիշկներն արդեն վիրահատությանն են նախապատրաստվում: