Դեռեւս անհնար է Ռուսաստանում Էբոլա տենդի տարածման ռիսկի նվազեցման մասին խոսել, նշել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Հիվանդացության վիճակը, չափազանց զգուշամիտ եւ ճշգրիտ կանխատեսմամբ, կայունացման է գնում… Որքան փոքր լինի հիվանդների թիվը՝ օջախի տարածքում, այնքան այլ երկրներում հիվանդության տարածման առավել նվազ վտանգ կարող է սպառնալ, սակայն, միգրացիայի հարաճուն մակարդակը հաշվի առնելով, այսօր դժվար թե հնարավոր լինի ռիսկի նվազեցման մասին խոսել», - մեկնաբանել է մասնագետը: 

Պոպովայի խոսքով, 2014թ.-ի 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի օդային անցակետերում 20,5 մլն ուղեւոր է զննման ենթարկվել, որոնցից 800-ի մոտ ինֆեկցիոն հիվանդությունների հատկանիշներ են վեր հանվել, եւ բոլոր նշված դեպքերում՝ կանոնակարգված եւ համալիր հակահամաճարակային միջոցառումներ իրականացվել: 

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայի երկրներից ՌԴ սուբյեկտներ ժամանած ուղեւորների թիվը 2 322 է կազմել: Զննման արդյունքում պարտադիր բժշկական հսկողության տակ է առնվել 270 մարդ, որոնցից 34-ը՝ ինֆեկցիոն հիվանդությունների տարատեսակ հատկանիշներով, հոսպիտալացվել են: «Նրանցից ոչ ոքի մոտ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններ չեն ախտորոշվել», - ՏԱՍՍ գործակալության վկայակոչմամբ, ընդգծել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Էբոլա հեմոռագիկ տենդի ընթացիկ համաճարակի զոհերի թիվը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում ավելի քան 4 800 է կազմում, վարակվածներինը՝ 13 հազարից ավելի: