2025 թվականը նշանակալի էր Հայաստանի շտապօգնության ծառայության համար։ Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ավտոպարկի թարմացումն իրականացվել է սեփական ֆինանսական հնարավորությունների հաշվին։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ ամփոփելով 2025 թվականի արդյունքները։
Գրիգորյանի խոսքով՝ տարվա գլխավոր ձեռքբերումը Mercedes մակնիշի յոթ նոր ավտոմեքենաների ձեռքբերումն էր, որոնք գնվել են լիզինգային սխեմայով՝ հենց ընկերության միջոցների հաշվին։ «Նախորդ տարիներին շտապօգնության մեքենաները հիմնականում ստացվում էին որպես նվիրատվություն բարեկամ պետություններից կամ պետական ծրագրերի գծով։ Այս անգամ ընկերությունն լիզինգով՝ ինքնուրույն է ձեռք բերել Mercedes մակնիշի յոթ նոր ավտոմեքենաները», - նշել է Ռուբեն Գրիգորյանը։
Ֆինանսական մոդելը տնտեսապես շահավետ է եղել։ Ընկերության միջոցները բանկում տեղաբաշխվել են ավանդի տեսքով, իսկ դրանից ստացվող տոկոսներն ուղղվում են լիզինգի հիմնական գումարի մարմանը։ Միևնույն ժամանակ, պետությունը, գործող պայմանների համաձայն, սուբսիդավորում է տոկոսադրույքի 10%-ը, ինչն էապես նվազեցնում է ծառայության բյուջեի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել տեխնիկայի անվտանգությանը, ինչպես ընդգծեց տնօրենը: Բոլոր նոր ավտոմեքենաները, բացի պարտադիր ապահովագրությունից (ԱՊՊԱ), առաջին անգամ ստացել են լիակատար կասկո ապահովագրություն: «Վթարի դեպքում տեխնիկան ապահովագրված է ոչ միայն պարտադիր ապահովագրությամբ, այլև կասկոյով՝ անկախ նրանից՝ մեղավորությունը հաստատված է, թե ոչ: Սա կարևոր նորամուծություն է թե՛ ծառայության, թե՛ պացիենտների պաշտպանվածության համար», - ասել է նա: Լրացուցիչ առավելություն է դարձել Mercedes-ի պաշտոնական ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնությունը՝ երեք տարի ժամկետով կամ մինչև 150 հազար կիլոմետր վազքի անվճար տեխնիկական սպասարկում, ներառյալ արագ մաշվող մասերի փոխարինումը:
Յոթ մեքենաներից մեկը կահավորված է որպես լիարժեք ռեանիմոբիլ՝ ներառյալ թոքերի արհեստական շնչառության սարքը։ Մնացած մեքենաները նախատեսված են շտապօգնության գծային բրիգադների համար։ Առաջին անգամ ծառայության տրամադրության տակ է հայտնվել նաև էլեկտրական բժշկական հաշմանդամային սայլակ, որը նախկին համակարգում բացակայել է։ «Այն հատկապես անհրաժեշտ է պացիենտներին աստիճաններով տեղափոխելիս, երբ հակացուցված է մարդուն պառկած վիճակում տեղափոխելը։ Էլեկտրասայլակը թույլ է տալիս անվտանգ բարձրացնել և իջեցնել տարբեր քաշի պացիենտների՝ զգալիորեն հեշտացնելով բժիշկների աշխատանքը», - պարզաբանել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սարքն արդեն կիրառվել է գործնականում, այդ թվում՝ մոտ 200 կիլոգրամ քաշ ունեցող պացիենտի տեղափոխման համար և բարձր արդյունավետություն է ցուցաբերել։





