Բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացում, մինչև տասը նոր մեքենաների ձեռքբերում, հատուկ համազգեստի հերթական փոխարինում և ռադիոկապի վերականգնում. 2026 թվականին Շտապօգնության վերաբերյալ այսպիսի ծրագրեր է ներկայացրել «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով այսօր՝ հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում սպասվում է մեկ կանչի արժեքի բարձրացում։ Ինչպես նշել է Գրիգորյանը, դա նոր հնարավորություններ կընձեռի, մասնավորապես՝ անձնակազմի աշխատավարձերի բարձրացման համար։ «Երբ բարձրանա մեկ կանչի գինը, համապատասխանաբար կբարձրանան նաև մեր բուժանձնակազմի աշխատավարձերը։ Նրանք արժանի են դրան։ Դրա ժամանակը հասունացել է և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա», - հայտարարել է նա։

Տնօրենն ընդգծել է, որ վերջին տարիների բոլոր ձեռքբերումները, այդ թվում՝ ավտոպարկի թարմացումը, հնարավոր են դարձել ծառայության աշխատակիցների 24-ժամյա աշխատանքի շնորհիվ։ «Այո՛, մենք ունենում ենք թերացումներ, բայց հենց այդ թերացումների վերհանման շնորհիվ ենք մենք դառնում ավելի լավը։ Մենք հետևողականորեն արձագանքում ենք բոլոր բողոքներին», — ասել է Գրիգորյանը։

Նա նաև հայտնել է, որ ֆինանսավորման ավելացման հարցն արդեն քննարկվել է վարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի և առողջապահության նախարարի մասնակցությամբ, իսկ փոփոխությունների իրականացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել շտապօգնության մինչև տասը նոր ավտոմեքենա։ Գրիգորյանի խոսքով՝ նախկինում ավտոպարկի թարմացման պրակտիկան այլ կերպ կառուցված եղել․ մեքենաները շահագործվել են երկար ժամանակ, այնուհետև սպասել են բարեկամ պետությունների նվիրատվություններին։ «Այժմ մենք գտնում ենք, որ պետք է լինենք ինքնաբավ և ինքներս ձեռք բերենք մեքենաները»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, տնօրենը հստակեցրել է, որ եթե բարեկամ պետությունները շարունակեն մեքենաներ նվիրել, նպատակահարմար է դրանք ուղղել մարզեր, որպեսզի այնտեղ նույնպես լինի ժամանակակից ավտոպարկ։ «Մենք պետք է ամեն տարի թարմացնենք մեր ավտոպարկը»,- ընդգծել է Գրիգորյանը։

Ծրագրի ևս մեկ կետ է անձնակազմի համազգեստի հերթական փոխարինումը։ «Մենք հատուկ հագուստը փոխել ենք 2024 թվականին։ 2026 թվականին նորից նախատեսում ենք ձեռք բերել նորը», - հայտնել է նա։

2026 թվականի առանցքային խնդիրների թվում տնօրենը նշել է շտապօգնության ծառայության ռադիոկապի վերագործարկումը։ «2026 թվականին նախատեսում ենք վերականգնել ռադիոկապը։ Սա երեք հիմնական առաջնահերթություններից մեկն է՝ ավտոպարկի թարմացման և աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ», - նշել է նա։