Ոչ ոք չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որ պիտի սեղմենք և 100%-ով ամեն ինչ բոլոր օղակներում վայրկյանի ճշգրտությամբ աշխատի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ապահովագրության համակարգի ներդրման դժվարություններին։

«Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով և աշխատանքի սկզբունքով, որ սա շատ ահռելի մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է 1 մլն 600 հազար հոգի, բուժաշխատողների մի մեծ շրջանակ, և այո, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում են շտկվում, կան մարդուն ավելի պարզ և հեշտ դարձնելու աշխատանքներ, որոնք շարունակական են լինելու։

Այո, սպասարկման ավելի կարճ ժամկետներ են լինելու, որոնք մենք աշխատելու ենք, այո, որոշակի կարգավորումների առումով ևս փոփոխությունների կարիք կա, սա շատ նորմալ գործընթաց է»,–ասաց նա։

Ավանեսյանը չհամաձայնեց պնդմանը, որ համակարգը պատրաստ չէր այս փոփոխությանը. «Համակարգը պատրաստ էր, այն ներդրվել է։ Եթե մի բանը սովորական ընթացքներից տարբերվող չէ և իր մեջ չի ներառում նաև նոր գործընթացներին սովորել ու աշխատել, բաղադրիչ,  նշանակում է դա բարեփոխում չէ»։

Անդրադառնալով նրան, որ ֆինանսավորումը բավարար չէ, օրինակ, եթե որևէ ծառայություն արժի X դրամ, բայց նախարարությունը փոխանցում է շատ ավելի քիչ, և մնացածը պետք է այլ ճանապարհով փոխանցեն, նխարարն ասաց. «1000-ից ավել ծառայությունների ցանկում կան որոշ ծառայություններ, որոնց վերաբերյալ հարց է բարձրացվել դրանց գնագոյացման կամ չափի մասով, համավճարի մասով։ Մենք առաջին մեկ ամսում հավաքելու ենք բոլոր արձագանքները, մասնագիտական բոլոր ուղղությունների հետ աշխատանքներ տանելու ենք, հասկանալու բարձրացված հարցերից որոնք են իսկապես օբյեկտիվ հիմնավորված»,–ասաց Ավանեսյանը։

Դիտարկմանը, որ մարզային հիվանդանոցները պատրաստ չեն ապահովագրական համակարգին, քանի որ եղել է ահազանգ, որ քաղաքացին գնացել է Մարտունիի հիվանդանոց, բժիշկն ասել է՝ ես միայն վճարովի ծառայություն եմ մատուցում, առողջապահության նախարարն ասաց. «Մենք ունենք մոտ 600-ից ավել բժշկական կենտրոններ, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր բժիշկներ։ Այո, գուցե ինչ-որ մի բժիշկ ճիշտ տեղեկատվություն չի փոխանցել։ Այո, կան բժիշկներ, որ դեռ չեն հասցրել ամբողջ տեղեկատվությանը տիրապետել, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք»։

Նա հավելեց, որ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնները ունեն կնքված պայմանագրեր, որի շրջանակներում էլ իրականացվում է սպասարկումը։