Միզապարկի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ուղղակիորեն կապված է գոյատևման հետ, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ որոշ մարդկանց համար ախտորոշման ճանապարհը կարող է ավելի բարդ լինել այնպիսի պատճառներով, որոնց մասին նախկինում գրեթե չեն մտածել:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ այս հիվանդության վաղ առանցքային ախտանիշներից մեկը՝ արյունը մեզի մեջ, միշտ չէ, որ հեշտ է ճանաչել, հատկապես եթե մարդն ունի գունատեսողության խանգարումներ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Health ամսագրում:

Միզապարկի քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ցավի և արտահայտված անհանգստության: Վաղ փուլերում հիվանդությունը կարող է գրեթե ոչ մի զգացողություն չառաջացնել, բացի մեզի գույնի փոփոխությունից: Հենց այդ պատճառով տեսողական ընկալումն այստեղ վճռորոշ դեր ունի: Եթե մարդը վատ է տարբերակում կարմիրի կամ շագանակագույնի երանգները, կարող է պարզապես չնկատել տագնապալի ազդանշանը կամ այն ընդունել որպես անվնաս երևույթ: Արդյունքում բժշկի դիմելը հետաձգվում է, իսկ հիվանդությունն այդ ընթացքում շարունակում է զարգանալ:

Հետազոտության հեղինակները վերլուծել են միզապարկի քաղցկեղ ունեցող պացիենտների բժշկական տվյալները և նկատելի տարբերություն են հայտնաբերել ելքերի միջև: Դալթոնիզմ ունեցող մարդկանց մոտ գոյատևումն ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ում գունատեսողությունը խանգարված չէ:

Ընդ որում, քաղցկեղի այլ տեսակների դեպքում, որտեղ վաղ ախտանիշներն այդքան խիստ կախված չեն տեսողական փոփոխություններից, նման օրինաչափություն չի հայտնաբերվել: Սա հաստատում է այն եզրակացությունը, որ հենց մեզի մեջ արյան հետքերը ճանաչելու դժվարությունները կարող են օրհասական դեր խաղալ:

Հետազոտողները կարծում են, որ այս տվյալները պետք է ազդեն ախտորոշման մոտեցումների վրա: Ըստ նրանց, բժիշկները պետք է հաշվի առնեն պացիենտների անհատական առանձնահատկությունները և չհիմնվեն բացառապես ախտանիշների տեսողական նկարագրությունների վրա: Նույնիսկ չնչին կասկածները՝ մեզի թափանցիկության փոփոխությունը, անհանգստության զգացումը կամ անալիզների անբացատրելի շեղումները, կարող են լրացուցիչ հետազոտության առիթ դառնալ: