Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 5160-ի է հասել, վարակվածներինը՝ 14098-ի: Yahoo-ի վկայակոչմամբ, վերը բերված տվյալները Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված՝ նոյեմբերի 9-ի դրությամբ զեկույցի մասն են կազմում:
ԱՀԿ-ի տվյալներով, Սիերա-Լեոնեում վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում. վերջին շաբաթվա ընթացքում այստեղ վարակման 421 նոր դեպք է արձանագրվել:
Հաղորդվում է նաեւ, որ երեք աֆրիկյան երկրներում Էբոլայով վարակված բուժաշխատողների թիվը 549-ի է հասնում. նրանցից 315-ն արդեն մահացել են:
Համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, 2014թ.-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ Արեւմտյան Աֆրիկայում տենդով վարակման նոր դեպքերի թիվը կարող է շաբաթական 5-10 հազար կազմել: Ներկայումս ամեն շաբաթ Էբոլայով վարակվածների թվի՝ մոտավորապես մեկ հազարյակով ավելացում է նկատվում, իսկ մահացության ցուցանիշը 70 տոկոսի է հասել:






