ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի ինտեգրված օպերատորական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգի շրջանակում հայտ է ներկայացրել մեկ մասնակից։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ի հարցմանն ի պատասխան։

Հիշեցնենք, որ 2025-ի դեկտեմբերի 12-ին առողջապահության նախարարությունն առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների ձեռքբերման երկփուլ մրցույթ էր հայտարարել։ Որակավորման հայտերի ընդունման ժամկետը եղել է մինչև դեկտեմբերի 29-ը։ Հայտերի գնահատումը հայտարարության համաձայն պետք է իրականացվեր հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Նախարարությանը խնդրել էինք պարզաբանել հետևյալը․

1․Քանի՞ հայտ է ներկայացվել այս մրցույթին մասնակցելու համար, քանի՞սն են անցել։

2․Ո՞ր կազմակերպություններն են անցել նախաորակավորում։

3․ Ե՞րբ տեղի կունենա մրցույթը։

4․ Ինչու է որոշում կայացվել ինտեգրված օպերատորի ծառայություններ ձեռք բերելու մասին։ Արդյո՞ք «Արմեդ» էլեկտրոնային համակարգը ի վիճակի չէ կատարել այդ գործառույթները։

5․ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններից ելնելով պարզ է դառնում, որ ոչ մի հայաստանյան օպերատոր չի կարող դրանց բավարարել։ Այսինքն, մեր առողջապահության համակարգը կկառավարի օտար ընկերություն։ Այստեղ անվտանգային ռիսկեր չե՞ք տեսնում։

6․ Ի՞նչ է լինելու «Արմեդ» համակարգի հետ նոր օպերատորի մուտք գործելուց հետո։

Օրերս մեզ ուղարկած գրավոր պատասխանում հայտ ներկայացրած ընկերության անվանումը նախարարությունը չի բացահայտել։ «Ներկայումս գնման ընթացակարգը գտնվում է հայտերի գնահատման փուլում և գնման ընթացակարգի հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ https://gnumner.minfin.am/ կայքից», - հայտնել են նախարարությունից։

Ինչ վերաբերում է հարցման մնացած հարցերին, ապա դրանց պատասխանելու համար նախարարությունը մեկ ամիս ժամանակ է ուզել։