Պարտադիր վճարների և հարկային պարտավորությունների մասով անհատ ձեռնարկատերերն ու վարձու աշխատողներն իրենց պարտավորություններն իրականացնում են տարբեր ձևաչափերով։ Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցերին, ով ընթերցել էր քաղաքացի Ալվարդ Մկրտումյանի դիմումը։

Վերջինս, մասնավորապես, հարցրել է․

«Ինչո՞ւ պետք է ԱՁ-ների (անհատ ձեռնարկատերերի) համար պարտադիր բժշկական ապահովագրության ամբողջական վճարն իրականացվի մինչև ապրիլի 20-ը, մինչդեռ վարձու աշխատողը պարտավոր կլինի այն վճարել 12 ամիսների ընթացքում: Ինչո՞ւ այն վարձու աշխատողի համար, ով ստանում է 201-500 հազար դրամ ամսական աշխատավարձ, պետական բյուջեից պարտադիր բժշկական ապահովագրության համար հատկացվելու է ամսական 6000 դրամ, իսկ տարեկան 2 միլիոն 400 հազարից մինչև 6 միլիոն դրամ համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ի համար ոչինչ չի արվելու: Ինչո՞ւ է նման տարանջատում դրվել ԱՁ-ների և վարձատրությամբ աշխատողների միջև»:

Ի պատասխան՝ նախարարը հայտարարել է, որ իրենք ընտրել են նույն տրամաբանությունը, ինչ մյուս հարկային պարտավորությունների դեպքում։ Այսինքն՝ անհատ ձեռներեցները և եկամտահարկը, և "Զինապահ" հիմնադրամի գումարները վճարում են տարեկան կտրվածքով։