Հայաստանում 15 տարի է, ինչ կույրերի համար Բրայլի շրիֆտով գրքեր չեն տվագրվում: Այսօր առկա են միայն այն գրքերը, որոնք դեռ Սովետական Միության ժամանակ են տպագրվել՝ ընդամենը 2500 անվանում: Այս մասին լրագրողներին պատմել է բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

Հոգեբան Աննա Բադալյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ այսօր կույր մարդիկ ասես մերժված լինեն մեր հասարակության կողմից. նախկինում՝ Սովետական Միության ժամանակաշրջանում, կույրերն ունեին իրենց աշխատավայրերը, ժամանցի վայրերը, փողոցում իրենց ուղղորդող որոշակի նշաններ կային: «Այսօր այս ամենը կարծես թե չկա, իսկ անհատը մնացել է մենակ՝ ինքն իր կամքի հետ», - նշել է հոգեբանը:

Իսկ ի՞նչ այսօր կա մեր երկրում կույր մարդկանց համար:

Պարզվում է՝ ոչ այնքան շատ բան: Երեւանում երկու դպրոց կա՝ թույլ տեսնող երեխաների համար, սակայն մարզերում նման դպրոցներ չկան:

Կան նաեւ հատուկ ստեղնաշարեր եւ աուդիոդասագրքեր՝ նախատեսված կույր մարդկանց համար:

Ի դեպ, Հայաստանում, մասնագետների խոսքով, չկա կազմակերպություն, որը կսովորեցնի կույր մարդկանց օգտվել ձեռնափայտից, որը օգնում է կողմնորոշվել տարածության մեջ:

Աշխարհում այսօր ապրում է մոտ 45 միլիոն կույր մարդ, իսկ 125 միլիոն մարդ ծայրահեղ ծանր տեսողություն ունի: Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի խոսքով՝ աշխարհում 5 վայրկյանը մեկ մի չափահաս կորցնում է տեսողությունը, իսկ 1 րոպեն մեկ կուրանում է մի երեխա:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, այսօր հայտնի չէ, թե որքան կույր մարդ կա այստեղ՝ ոչ ոք չի զբաղվում այս հարցով եւ չի փորձում վիճակագրություն հավաքել: