Նոր Զելանդիան պետք է լրջորեն վերանայի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ֆինանսավորելու իր պարտավորությունները։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսը։

Նա X-ում տեղեկացրել է, որ ԱՀԿ-ից ԱՄՆ դուրս գալը «կասկածի տակ է դնում կազմակերպության ներկա վիճակն ու նրա արդյունավետությունը»։ «ԱՄՆ-ը հեռացել է ԱՀԿ-ից։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ չընտրված բյուրոկրատ-գլոբալիստների մի կույտ, [ոչ մեկին] հաշվետու չլինելով, տնօրինում է ողջ աշխարհի հարկատուների փողերը»,- նշել է Փիտերսը՝ նաեւ նշելով, որ Նոր Զելանդիան եւս պետք է լրջորեն նայի այն բանին, թե «արդյոք պատասխանատու ձեւով են ծախսվում հարկատուների փողերն արտասահմանում, այլ ոչ թե երկրի ներսում»։

Փիտերսը նաեւ հայտնել է, որ ԱՀԿ-ն «դարձել է ուռճացված կազմակերպություն, որն աշխատել է ոչ այնպես, ինչպես հարկն է»։ «Մենք պետք է լրջորեն խոսենք  մեր պատասխանատվության մասին Նոր Զելանդիայի ժողովրդի առջեւ»,- ասել է նա Radio New Zealand ռադիոկայանի եթերում՝ հիշեցնելով, որ «ԱՀԿ-ին անդամակցությունը Նոր Զելանդիայի վրա միլիոն դոլարներ է նստում»։

Հունվարի 22-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկ տարի առաջ ընդունած որոշումն այն մասին, որ երկիրը դուրս է գալիս ԱՀԿ-ից։ Նա դա հիմնավորել է այդ թվում անհամամասնորեն բարձր անդամավճարներով կազմակերպության ֆինանսավորման համար՝ այլ անդամների համեմատ։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը այս քայլն անվանել է սպառնալիք հենց ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի համար։ ԱՄՆ դուրս գալը կդառնա քննարկումների առարկա  կազմակերպության գործադիր կոմիտեի առաջիկա նիստում, որը տեղի կունենա Ժնեւում փետրվարի 2-7-ին։