Կանանց համար փորձարկային կրծքի իմպլանտներ ստեղծելու մասին մտահղացումը պլաստիկ վիրաբույժ Նորման Ռոուիի մոտ դեռ վաղուց է ծագել: Ավելին, նա արդեն կատարել է առաջին քայլն այդ ուղղությամբ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կրծքի ակնթարթային՝ 24 ժամ տեւողությամբ՝ InstaBreast անվանումը ստացած մեծացումն առաջարկելով, հաղորդում է FoxNews-ը:
Սակայն գիտնականը ձեռք բերվածով չի բավարարվել եւ ներկայումս «արձակուրդային կրծքերի» ստեղծման ուղղությամբ է աշխատում: Նյու-Յորքցի մասնագետը հույս ունի մեծացման տեւողության՝ 2-3 շաբաթ ժամկետով երկարաձգման հասնել, ինչը բավականաչափ կլինի՝ արձակուրդի կամ որեւէ հատուկ տոնակատարության համար:
Մտահղացման հեղինակը չի բացահայտում, թե հատկապես ինչ քիմիական միացություններով ներարկման հաշվին է պատրաստվում կրծքերի ժամանակավոր մեծացման հասնել՝ նշելով միայն որ խոսքը ֆիզիոլոգիական լուծույթի եւ բժշկության մեջ այլ նպատակներով կիրառվող հավելումներից մեկի մասին է:
«24 ժամը շատ լավ է, բայց ընդամենը մեկ օր է կազմում», - նշել է գիտնականը՝ մեկնաբանելով, որ InstaBreast-ը հարմար չէ ծովային շրջագայության կամ որեւէ տեւական տոնակատարության մեկնող կանանց համար: Բացի այդ, 24 ժամը բավական չէ նաեւ՝ «հասկանալու համար, թե ինչպիսին կարող է նոր կրծքերով կյանքը լինել, քաշը՝ ներառյալ»:
Նորման Ռոուին արդեն տեղյակ է պահել սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչությանը՝ սպասվող նորույթի վերաբերյալ եւ մտադիր է դրա կիրառման վերաբերյալ հավանությունը մինչեւ 2016 թ.-ը ձեռք բերել:
Հատկանշական է, որ տղամարդիկ եւս կարող են պրոցեդուրայից օգտվել. պլաստիկ վիրաբույժի հավաստիացմամբ, այն հատկապես կրծքամկանի եւ ձկնամկանի համար է օգտակար:
Հուսով ենք՝ կրծքի արհեստական մեծացման գաղափարի ամենակատաղի հակառակորդը՝ Ուգո Չավեսը, այն աշխարհից ականջալուր չէ նման լուրերին…






