Գիտնականները եզրակացրել են, որ խրոնիկական տրավմատիկ էնցեֆալոպաթիան (գլխուղեղի կրկնակի վնասումների հետևանքով անդարձելի վնասվածք առաջացնող նեյրոդեգեներատիվ հիվանդություն, որի ախտանիշները, սովորաբար, ի հայտ են գալիս 8-10 տարի հետո, երբ անձը ունենում է ուղեղի կրկնվող վնասվածքներ -խմբ.) պետք է համարվի դեմենցիայի առանձին պատճառ, տարբերվող այլ հայտնի ձևերից, մասնավորապես Ալցհայմերի հիվանդությունից։
Իր տեսակի մեջ ամենախոշոր այս հետազոտությունը ցույց է տալիս, որ խրոնիկական տրավմատիկ էնցեֆալոպաթիայի ամենածանր դրսևորումներով մարդկանց շրջանում դեմենցիայի զարգացման վտանգը չորս անգամ ավելի հավանական է, քան նրանց, ովքեր զերծ են այդ հիվանդությունից։
Քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիան (ՔՏԷ) ուղեղի դեգեներատիվ հիվանդություն է, որը զարգանում է գլխին կրկնակի հարվածների և գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների հետևանքով։
Այն հիմնականում հայտնի է նրանց շրջանում, ովքեր զբաղվում են կոնտակտային սպորտաձևերով, ինչպիսիք են ամերիկյան ֆուտբոլը կամ բռնցքամարտը, որտեղ տարիների ընթացքում կուտակվում են գլխի կրկնվող թեթև վնասվածքները։
Alzheimer’s & Dementia բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը ներառում էր գլխի կրկնվող վնասվածքների ենթարկված և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ չունեցած 614 մարդկանց դոնոր ուղեղների վերլուծություն։ Հետազոտողները բացահայտել են միայն ՔՏԷ-ի հետ կապված 366 դեպք և դրանք համեմատել այս պաթոլոգիան չունեցող 248 դեպքի հետ։ Նրանք պարզել են, որ ՔՏԷ-ի ամենածանր ձև ունեցող մարդիկ ունեն դեմենցիայի զարգացման ռիսկ, որը համեմատելի է Ալցհայմերի խորացած հիվանդության հետ, որը դեմենցիայի հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում։
ՔՏԷ-ի դեպքում ուղեղում կուտակվում են տաու սպիտակուցի պաթոլոգիկ պարույրներ, ինչը հանգեցնում է նեյրոնների մահվան և ճանաչողական ֆունկցիայի վատթարացման։ ՔՏԷ-ն ներկայում կարող է ախտորոշվել միայն հետմահու՝ ուղեղի հյուսվածքը հետազոտելով, ինչը բարդացնում է վաղ հայտնաբերումը և բուժումը։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ ՔՏԷ-ն որպես դեմենցիայի առանձին պատճառ ճանաչելը կարևոր է ախտորոշման, խնամքի և ապագա բուժումների մշակման համար՝ հատկապես կրկնվող գլխի վնասվածքների պատմություն ունեցող մարդկանց դեպքում։






