Չինաստանում թռչնագրիպի, այդ թվում դրա՝ նախկինում երբեւէ չդրսեւորված H5N3 եւ H5N8В շտամներով բռնկումներ են արձանագրվել: Այս մասին Ռոսսելխոզնադզորի՝ Նովոսիբիրսկի մարզային վարչության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ է նշվում: Հարուցիչի՝ ՌԴ-ի ուղղությամբ, մասնավորապես՝ Նովոսիբիրսկի մարզի տարածքով տարածման հավանականությունը բարձր է գնահատվում:

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունն էր հաղորդել, ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին 2010թ.-ից ի վեր առաջին անգամ ՌԴ տարածքում թռչնագրիպով վարակման դեպք է բացահայտվել: Ավելի վաղ՝ 2008 եւ 2009-2011թթ-ներին գրանցված դեպքերը համապատասխանաբար Պրիմորսկի երկրամասի եւ Տիվայի հանրապետության տարածքում են վեր հանվել: Ռոսսելխոզնադզորի հաղորդմամբ, վիրուսը ներկայումս Հարավ-արեւելյան Ասիայի երկրներում է տարածում գտել:

А տիպի թռչնագրիպը (թռչունների դասական ժանտախտ)՝ H5N1-ը, թռչունների բարձր պաթոգենային վիրուսային հիվանդություն է հանդիսանում, որը վարակված կենդանու հետ շփման արդյունքում կարող է մարդուն անցնել: Վիրուսը մարսողական եւ շնչառական համակարգի օրգաններն ախտահարելու հատկություն ունի եւ մահացության բարձր ցուցանիշով է աչքի ընկնում: