Միացյալ Նահանգներում COVID-19 ունեցած պացիենտները զգալիորեն ավելի հաճախ են տեղեկացնում «գլխում մշուշից», դեպրեսիայից եւ կոգնիտիվ խանգարումներից, քան Հնդկաստանում եւ Նիգերիայում: Այս եզրակացությանն են հանգել Northwestern Medicine-ի հետազոտողների գլխավորած խոշոր միջազգային հետազոտության հեղինակները: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Human Neuroscience (FHN) ամսագրում:
Սա COVID-19-ի նյարդաբանական դրսեւորումների առաջին միջմայրցամաքային համեմատությունն է: Հետազոտությունը ներառել է ավելի քան 3 100 չափահաս պացիենտի, որոնք հետազոտվել են Չիկագոյի (ԱՄՆ), Մեդելինի (Կոլումբիա), Լագոսի (Նիգերիա) եւ Ջայփուրի (Հնդկաստան) ակադեմիական բժշկական կենտրոններում: Վերլուծությունը ներառել է ինչպես հոսպիտալացված, այնպես էլ չհոսպիտալացված պացիենտների, որոնք ապաքինվել են COVID-19-ից 2020-2025թթ.:
Սուր վարակի ժամանակ չհոսպիտալացված պացիենտների շրջանում Միացյալ Նահանգներում մասնակիցների 86 տոկոսը հայտնել է «գլխում մշուշի» մասին: Համեմատության համար. Նիգերիայում այd ցուցանիշը կազմել է 63 տոկոս, Կոլումբիայում՝ 62, իսկ Հնդկաստանում՝ ընդամենը 15 տոկոս: Նման տարբերություններ են նկատվել նաեւ հոգեբանական ախտանիշների մեջ. ամերիկացի հիվանդների գրեթե 75 տոկոսը հայտնել է դեպրեսիայի կամ տագնապայնության մասին՝ Կոլումբիայում մոտ 40 եւ Նիգերիայում ու Հնդկաստանում՝ ոչ լրիվ 20 տոկոսի համեմատ։
Հետազոտության ավագ հեղինակ, Ֆայնբերգի անվան Հյուսիսարեւմտյան համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդաինֆեկցիոն հիվանդությունների եւ գլոբալ նյարդաբանության ուղղության տնօրեն Իգոր Կորալնիկի խոսքով՝ Միացյալ Նահանգներում ախտանիշների ավելի բարձր բեռը կարող է արտացոլել մշակութային եւ համակարգային տարբերությունները, այլ ոչ թե հիվանդության ավելի ծանր ընթացքը:
«ԱՄՆ-ում եւ Կոլումբիայում հոգեկան առողջության եւ կոգնիտիվ խնդիրների մասին խոսելը սոցիալապես ընդունելի է, մինչդեռ Նիգերիայում եւ Հնդկաստանում այդպես չէ: Ստիգման, կրոնական համոզմունքները, առողջապահական ցածր գրագիտությունը եւ հոգեկան առողջության մասնագետների պակասը կարող են հանգեցնել այն բանին, որ ախտանիշների մասին թերի տեղեկացվի»,- նշել է Կորալնիկը։
Բոլոր երկրներում ամենատարածված նյարդաբանական գանգատներն են եղել գլխում մշուշը, հոգնածությունը, մկանային ցավը, գլխացավը, գլխապտույտը եւ զգայական խանգարումները (թմրություն, ծակծկոց): ԱՄՆ-ում չհոսպիտալացված պացիենտների գրեթե 60 տոկոսը հայտնել է անքնության մասին՝ Կոլումբիայում, Նիգերիայում եւ Հնդկաստանում մոտ մեկ երրորդի համեմատ: Վիճակագրական վերլուծությունը նաեւ բացահայտել է հստակ բաժանում բարձր եւ միջին եկամուտ ունեցող երկրների (ԱՄՆ, Կոլումբիա) եւ ցածր եկամուտ ունեցող երկրների (Նիգերիա, Հնդկաստան) միջեւ:
Հեղինակներն ընդգծել են, որ COVID-19-ի երկարատեւ ընթացքն ազդել է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վրա, հաճախ՝ երիտասարդ եւ միջին տարիքի, ինչը նվազեցրել է կյանքի որակը եւ աշխատունակությունը: Հաշվարկվել է, որ COVID-19-ից փրկվածների 10-30 տոկոսը ունեցել է երկարատեւ ախտանիշներ։
Հետազոտողների ստացած տվյալներով՝ այս արդյունքներն ընդգծում են մշակութային առումով զգայուն ախտորոշիչ գործիքների եւ առողջապահական համակարգերի անհրաժեշտությունը, որոնք կարող են ապահովել երկարատեւ մոնիթորինգ եւ վերականգնում:






