Շտապ օգնության բաժանմունքի ընդունարանի աշխատակիցներին վնասվածքների բազմազանությամբ չես զարմացնի, բայց բահին «նստած» տղամարդուն տեսնելով՝ նրանք էլ շշմելու չափ անակնկալի եկան: ԱՄՆ Օհայի նահանգի Կանտոն քաղաքում գործող բուժհաստատության աշխատակիցներից մեկը՝ դոկտոր Քեւին Կլաուերը (Kevin Klauer) համոզված է, որ մինչեւ կյանքի վերջ կհիշի այն օրը, երբ ստիպված եղավ գործիքը բժշկական գաղտնիքի պահպանման պահանջից ելնելով՝ լրագրողների համար չբացահայտված ինքնությամբ տղամարդու մարմնից հեռացման գործին իր օժանդակությունը ցուցաբերել:

Տուժածի վկայությամբ, բահը տան կտուրից ընկնելու արդյունքում էր նրա ներսում հայտնվել:

«Առաջին անգամ էի նման բան տեսնում. բահն իրոք դուրս էր ցցված նրա մարմնից՝ բռնակի մասը ուղիղ աղիքի շրջանում էր գտնվում: Հավատացեք, եթե նույնիսկ ավելի սարսափելի վնասվածքներ տեսած լինեիք, այս դեպքը նույքան սարսռազդու էր թվալու», - նշել է Քեւին Կլաուերը՝ լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում՝ հավելելով, որ նույնիսկ ամենափորձառու բժիշկներն էին անակնկալի եկել:

«Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու նպատակով պետք է փորձեինք կողքի վրա շրջել նրան, ինչը մեզ չափազանց ծանր տրվեց, քանի որ յուրաքանչյուր շարժում ուժեղ ցավ էր պատճառում: Մեզ երբեք ոչ ոք չէր սովորեցրել, թե ինչպես պետք է աշխատել՝ բահով խոցված հիվանդի հետ, բայցեւայնպես, պարտավոր էինք արագ ու հարթ գործել», - մտաբերում է նա:

Եւ այնուամենայնիվ, բժիշկների չափազանց զգուշավոր շարժումներն անգամ ի վիճակի չէին գոռոցներից զերծ պահել տղամարդուն:

«Ողջ հիվանդանոցով մեկ գոռոց էր լսվում: Բայց ոչ ոք չի կարող նրան մեղադրել: Եթե իմ ուղիղ աղիքում էլ բահ հայտնվեր, կարծում եմ՝ պակաս ուժգնությամբ չէի գոռա», - մեկնաբանել է բժիշկը:

Զննման արդյունքում պարզվել էր, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան առաջին հայացից էր թվում՝ բահի կոթը հետանցքային տարածքի եւ փոշտի արանքն էր խրվել, հաղորդում է The Huffington Post-ը:

«Վտանգն այն էր, որ եթե լյարդի, երիկամների եւ մի շարք այլ օրգանների՝ առատ արյունահոսությամբ զուգորդվող վնասվածք ունենար, րոպեներ եւ նույնիսկ վայրկյաններ անց կարող էր արյունաքամ լինել», - մտաբերում է դոկտոր Կլաուերը, ում պնդմամբ բժիշկները համակարգչային տոմոգրաֆիայի էին ենթարկել տղամարդուն:

Հետագա պրոցեդուրաների վերաբերյալ մանրամասները բաց թողնելով, մասնագետը միայն տեղեկացնում է, որ վիրահատությունը հաջող է անցել, եւ հիվանդն էլ արդեն ապաքինվել է: Տեղեկություն կա նաեւ այն մասին, որ հիվանդանոցից դուրս գրվելիս նա խոստացել է տան կտուրի վերանորոգումը մասնագետներին հանձնարարել՝ այգեգործական գործիքի հետ ուղղահայաց շփման ռիսկը նվազագույնի հասցնելու համար: