Գիտնականները հայտնաբերել են 18 նոր գենետիկական տարբերակներ, որոնք հրահրում են մանիայի զարգացումը երկբևեռ խանգարման ժամանակ: Աշխատությունը հրապարակվել է Biological Psychiatry ամսագրում:

Երկբևեռ խանգարումը հանդիպում է աշխարհի բնակչության մոտ 2%-ի շրջանում և արտահայտվում է դեպրեսիայի և մանիայի դրվագների հաջորդականությամբ. վերջինս բնորոշվում է կտրուկ բարձր տրամադրությամբ, էներգիայի հորդմամբ և իմպուլսիվությամբ: Ախտորոշումն ու բուժումը բարդանում են նրանով, որ ախտանշանները մասնակիորեն համընկնում են մեծ դեպրեսիվ խանգարման և շիզոֆրենիայի հետ:

Այս վիճակների գենետիկական մեխանիզմները տարանջատելու համար գիտնականները վերլուծել են մեծ դեպրեսիվ խանգարում ունեցող ավելի քան 576 հազար մարդու և բիպոլյար խանգարումով շուրջ 27 հազար պացիենտի գենոմները: Նման մասշտաբը թույլ է տվել դեպրեսիայի հետ կապված գեները առանձնացնել մանիային բնորոշ գեներից:

Վերլուծությունը ցույց է տվել, որ բիպոլյար խանգարման դեպքում գենետիկական փոփոխականության մոտ 81,5%-ը բացատրվում է մանիակալ բաղադրիչով, մինչդեռ դեպրեսիվ բաղադրիչին բաժին է ընկնում ընդամենը 18,5%-ը: Հետազոտողները հայտնաբերել են մանիայի հետ կապված 71 գենետիկական տարբերակ, այդ թվում՝ 18-ը, որոնք նախկինում երբևէ չէին ասոցացվել այս հիվանդության հետ:

Այս գեներից շատերը կապված են մանիակալ դրվագներին բնորոշ գծերի հետ՝ քնի պահանջի նվազում, ֆիզիկական ակտիվության բարձրացում, հակվածություն ռիսկի և երեկոյան քրոնոտիպ (ուշ արթուն մնալու հակում)։ Միևնույն ժամանակ, մանիայի կապը ալկոհոլից, կանաբիսից և ծխախոտից կախվածությունների հետ սպասվածից ավելի թույլ է արտահայտվել, ինչը կասկածի տակ է դնում երկբևեռ խանգարման ժամանակ ռիսկային վարքագծի որոշ ձևերի պատճառների մասին ավանդական պատկերացումները։

Բացի այդ, հայտնաբերված գեների զգալի մասն ազդում է նեյրոնների կալցիումական անցուղիների աշխատանքի վրա, որոնք ուղեղում ազդանշանների փոխանցման հիմնական տարրերն են։ Սա դրանք դարձնում է պոտենցիալ թիրախներ՝ թերապիայի նոր, ավելի ճշգրիտ մեթոդների մշակման համար։

Հեղինակների կարծիքով՝ մանիայի «գենետիկական դիմանկարի» առանձնացումը թույլ է տալիս երկբևեռ խանգարումը դիտարկել ոչ թե որպես մեկ միասնական վիճակ, այլ որպես կենսաբանորեն տարբեր գործընթացների համախումբ, ինչը ճանապարհ է հարթում դեպի անհատականացված բուժում և հիվանդության ավելի վաղ հայտնաբերում։