Ռուսաստանում կապկի ծաղիկ է հայտնաբերվել Մոսկվայի մարզի մի բնակչի մոտ, ով հոսպիտալացվել է Դոմոդեդովոյի հիվանդանոցում: Ինչպես հայտնել են բժշկական հաստատության մամուլի ծառայությունից. «Պացիենտի վիճակը բավարար է, նա ստանում է սիմպտոմատիկ բուժում»: «Ռոսպոտրեբնադզորն» իրականացնում է համաճարակաբանական հետաքննություն՝ վարակի աղբյուրն ու հիվանդի հետ շփված անձանց հայտնաբերելու նպատակով:

Պացիենտին հիվանդանոց են տեղափոխել նախօրեին՝ ջերմության մինչև 40°C կտրուկ բարձրացումից հետո: Մինչ այդ նա տնային պայմաններում բուժվել է հերպեսի դեմ քսուքով՝ կարծելով, թե մրսել է: Հիվանդը հավաստիացնում է, որ չի մեկնել արտերկիր և չի այցելել հանրային բաղնիքներ: Վարակման աղբյուրն իրեն հայտնի չէ:

«Baza» և «Mash» տելեգրամյան ալիքների տվյալներով՝ կապկի ծաղկի կասկած կա նաև Մոսկվայի մարզի ևս մեկ բնակչի մոտ: Իսկ հիվանդացած տղամարդն ունի ուղեկցող հիվանդություններ՝ ՄԻԱՎ և սիֆիլիս:

Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է տենդով, ավշային հանգույցների մեծացմամբ և մաշկային ցանով։ Այն փոխանցվում է վարակված կենդանու կամ մարդու հետ սերտ շփման, կենսաբանական հեղուկների կամ վարակված առարկաների միջոցով։

Հիվանդությունն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում։ Սակայն 2022-2023 թվականներին այն տարածվել է Եվրոպայի երկրներում։ Բռնկումը հիմնականում առնչվել է ԼԳԲՏ համայնքին, վիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով։

Կապկի ծաղկի վերջին խոշոր բռնկումը սկսվել է 2024 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ինչի հետևանքով հիվանդացել է ավելի քան 80 հազար մարդ, 1,3 հազարը՝ մահացել։ Տարածաշրջանում վարակի տարածման դեմ պայքարելու նպատակով սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ, որը չեղարկվել է միայն 2026 թվականի հունվարի վերջին։