Իսպանական Vall d'Hebron կլինիկան աշխարհում առաջին անգամ դեմքի մասնակի փոխպատվաստում է իրականացրել այնպիսի դոնորից, որն էվթանազիայի գործընթաց է անցել:
Բժիշկների խոսքով՝ դոնորը համաձայնել է էվթանազիային և կամավոր կերպով նվիրաբերել է ոչ միայն օրգաններն ու հյուսվածքները, այլև իր դեմքը: Վիրահատությունն անհրաժեշտ է եղել մի պացիենտի, ում դեմքի կենտրոնական հատվածը քայքայվել է բակտերիալ վարակի հետևանքով առաջացած հյուսվածքների նեկրոզի պատճառով:
Վիրահատության ընթացքում վիրաբույժները կիրառել են անոթային և նյարդային միկրովիրաբուժության մեթոդներ, իսկ աշխատանքներին մասնակցել է շուրջ հարյուր մասնագետ: Փոխպատվաստումից հետո պացիենտը հիվանդանոցում անցկացրել է մոտ մեկ ամիս, որից հետո սկսվել է տևական վերականգնողական փուլ՝ ուղղված դիմախաղի, խոսքի և կենսական նշանակություն ունեցող ֆունկցիաների վերականգնմանը:
Հիվանդանոցում նշել են, որ նման վիրահատությունները չափազանց բարդ են, պահանջում են եզակի տեխնոլոգիաներ և իրականացվում են աշխարհի միայն սահմանափակ թվով կենտրոններում:






