Վերջին տասնամյակներում ծնված մարդիկ ավելի հաճախ և ավելի վաղ տարիքում են բախվում փսիխոտիկ խանգարումների (այդ թվում՝ շիզոֆրենիայի) հետ, քան նախորդ սերունդները: Այս եզրակացությանն են եկել կանադացի գիտնականները՝ վերլուծելով Օնտարիո նահանգի ավելի քան 12 միլիոն բնակիչների տվյալները: Աշխատությունը հրապարակվել է Canadian Medical Association Journal (CMAJ) ամսագրում:
Ուսումնասիրության ընտրանքում ներառվել է 1960-2009 թվականներին ծնված 12,2 միլիոն մարդ: Դիտարկումների ընթացքում նրանցից 152 587-ի մոտ ախտորոշվել են պսիխոտիկ խանգարումներ: Հետազոտողները հայտնաբերել են հստակ արտահայտված «սերնդային էֆեկտ». սկսած 1980-ականներին ծնված մարդկանցից՝ նոր ախտորոշումների հաճախականությունը սկսել է կայուն կերպով աճել:
Ամենանշանակալի փոփոխությունները գրանցվել են դեռահասների և երիտասարդների շրջանում: 14-ից 20 տարեկան տարիքային խմբում պսիխոզի նոր դեպքերի թիվն աճել է 60%-ով՝ 1997-2023 թվականների ընթացքում 100 հազար մարդու հաշվով 62,5-ից հասնելով 99,7-ի: Հեղինակների հաշվարկներով՝ 2000–2004 թվականներին ծնված մարդկանց մոտ առաջին անգամ պսիխոտիկ խանգարման բախվելու ռիսկը մոտ 70%-ով ավելի բարձր է, քան 1975–1979 թվականներին ծնվածների մոտ: Մինչև 30 տարեկանը 1990–1994 թվականների սերնդի մոտ ախտորոշված պսիխոզների ընդհանուր թիվը 37,5%-ով ավելի բարձր է եղել, քան 1970-ականների կեսերի սերնդի մոտ:
Ցուցանիշների աճ դիտվել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում, թեև տղամարդիկ ողջ ժամանակահատվածում մնացել են բարձր ռիսկային խմբում: Հատկապես արտահայտված տարբերություններ են հայտնաբերվել այսպես կոչված ոչ աֆեկտիվ փսիխոզների դեպքում. սրանք վիճակներ են, որոնք ուղղակիորեն կապված չեն տրամադրության խանգարումների հետ, ներառյալ՝ շիզոֆրենիան: Նման ախտորոշումներն ավելի հաճախ տրվել են տղամարդկանց, ցածր եկամուտ ունեցող թաղամասերի բնակիչներին, Կանադայի երկարամյա ռեզիդենտներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են այլ հոգեկան խանգարումներ կամ հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված խնդիրներ:
Հետազոտության առաջատար հեղինակ Դենիել Մայրանի խոսքով՝ ախտորոշումների թվի աճը լուրջ տագնապ է առաջացնում։ Փսիխոտիկ խանգարումները կապված են հիվանդացության բարձր մակարդակի, վաղաժամ մահվան ռիսկի հետ և պահանջում են զգալի բժշկական ու սոցիալական ռեսուրսներ։ Այնուամենայնիվ, տեղի ունեցողի վերաբերյալ միանշանակ բացատրություն դեռևս չկա։
Հեղինակներն ընդգծում են, որ կանադական հետազոտության արդյունքները համահունչ են Դանիայից և Ավստրալիայից ստացված վերջին տվյալներին, որտեղ նույնպես արձանագրվել է երիտասարդ սերունդների շրջանում շիզոֆրենիայի ախտորոշման աճ։ Նրանք կոչ են անում իրականացնել հետագա ուսումնասիրություններ՝ հասկանալու տեղի ունեցողի պատճառները և մշակելու կանխարգելման ու վաղ աջակցության միջոցներ։






