Ավստրալիացի գիտնականներն աշխարհում առաջին կլինիկական փորձարկումը կանցկացնեն բուժմանը դիմացկուն ուղեղի ուռուցքներից տառապող երեխաների ապաքինման համար մշակված քաղցկեղի պատվաստանյութերը: Դրա մասին հայտնել են Քվինսլենդի համալսարանը (UQ, University of Queensland), որտեղ անցկացվել է պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունը:

«Առաջիկա ամիսների ընթացքում PaedNEO-VAX դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կանցկացվեն Վիկտորիա, Արևմտյան Ավստրալիա, Քվինսլենդ, Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգների ութ մանկական հիվանդանոցներում»,- ասված է համալսարանի հայտարարության մեջ:

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կստեղծվի կոնկրետ բուժառուի համար՝ հատուկ գենետիկական մարկերների կիրառմամբ: Չորս տարվա կլինիկական փորձարկմանը կմասնակցեն ուղեղի քաղցկեղով ախտորոշված ​​յոթանասուն բուժառու, որոնց կյանքի տևողությունը չի գերազանցում 24 ամիսը:

«Սա ուղեղի քաղցկեղի հատկապես բարդ ձևերի բուժման նոր, անհատականացված մոտեցում է: Փորձարկման առաջին փուլը մեզ կօգնի որոշել անվտանգ և արդյունավետ դեղաչափը, իսկ երկրորդ փուլը կգնահատի թերապիայի արդյունավետությունը: Կփորձենք պարզել՝ արդյոք այն դանդաղեցնո՞ւմ է քաղցկեղի զարգացումը և բարելավում է բուժառուների և նրանց ընտանիքների ընդհանուր գոյատևումը և կյանքի որակը»,- ասում է հետազոտությանը մասնակցող պրոֆեսոր Ջորդան Հանսֆորդը։

Քվինսլենդի համալսարանում պատմել են, որ նոր դեղամիջոցը ստեղծվել է mRNA ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի հիման վրա: «Յուրաքանչյուր երեխայի ուռուցքում գենոմի հաջորդականության և տվյալների խորը վերլուծության միջոցով եզակի ուռուցքային մարկերներ հայտնաբերելուց հետո մենք ուռուցքին հատուկ պատվաստանյութի թիրախներ կընտրենք: Այնուհետև անհատականացված դեղամիջոցներ կմշակվեն»,- պարզաբանում է հետազոտության գլխավոր հեղինակ, համալսարանի պրոֆեսոր Բրենդոն Ուեյնռայթը: