Հայաստանը, Ավստրիան, Ադրբեջանը, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուզբեկստանը 2024 թվականին դեպքերի աճի ֆոնին կորցրել են կարմրուկից զերծ երկրների կարգավիճակը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, պետությունը կորցնում է կարմրուկից զերծ երկրի կարգավիճակը, եթե վիրուսը վերադառնում է, և փոխանցումը շարունակվում է անընդմեջ՝ մեկ տարուց ավելի։

«Ուժեղացված հսկողության, բռնկման դեմ պայքարի բարելավման և թերպատվաստված համայնքներին հասնելու նպատակային ջանքերի շնորհիվ բոլոր երկրները կարող են հասնել վիրուսի վերացմանը և պահպանել այդ կարգավիճակը»,- ասել է Եվրոպայում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Բհանու Բհատնագարը։

Միջազգային կազմակերպությունը զգուշացնում է, որ կարմրուկը հաճախ առաջին հիվանդությունն է, որը վերստին ի հայտ է գալիս, երբ պատվաստումների ծածկույթը նվազում է, ընդգծելով երկրներից և միջազգային կազմակերպություններից քաղաքական կամքի և ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը։

Կարմրուկը չափազան վարակիչ հիվանդություն է, և մոտավորապես 90%-ը, ովքեր իմունիտետ չունեն և շփվում են վարակված անձի հետ, հիվանդանում են։

Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 10-12 օր անց և արտահայտվում են մրսածության նման ախտանիշներով, մասնավորապես՝ հարբուխով, հազով և մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացումով մինչև լույսի նկատմամբ զգայունությամբ, բարձր ջերմությամբ և ամբողջ մարմնով մեկ տարածվող կարմիր ցանով։

Վիրուսը մարդուց մարդ փոխանցվում է շնչառական կաթիլների՝ վարակված մարդկանց հազի և փռշտոցի միջոցով։

Կարմրուկի դեմ հատուկ բուժում չկա. հիվանդությունը սովորաբար տևում է մոտ երկու շաբաթ առանց բարդությունների. պատվաստանյութի երկու դեղաչափը արդյունավետորեն կանխում է այն։