Միջազգային հետազոտական խումբը Բանգլադեշում հայտնաբերել է նախկինում անհայտ մի վիրուս, որն ընդունակ է չղջիկներից փոխանցվել մարդուն: Խոսքը ոչ թե Նիպահ վիրուսի բռնկման, այլ թաքնված ախտածնի՝ Pteropine orthoreovirus-ի (PRV) մասին է: Այն արդեն վարակել է մի քանի պացիենտների:
Կոլումբիայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների կենտրոնի գիտնականներին հաջողվել է պարզել, որ պացիենտները, որոնք ի սկզբանե հոսպիտալացվել էին Նիպահ վարակին նմանվող ախտանիշներով, իրականում վարակված են եղել PRV-ով: Այս վիրուսը բնական է չղջիկների համար, սակայն նախկինում դրա փոխանցումը մարդուն չէր արձանագրվել:
Պացիենտները հիվանդանոց են ընդունվել բարձր ջերմությամբ, գլխացավով, փսխումով և առատ թքարտադրությամբ. նկատվել են նաև նյարդային համակարգի ախտահարման նշաններ: Լաբորատոր թեստերը բացառել են Նիպահը, սակայն վիրուսային սեկվենավորումը հաստատել է PRV-ով ակտիվ վարակվածությունը:
Բոլոր հինգ հիվանդներն էլ վերջերս կերել են արմավենու հում հյութ (էսենցիա), որը հավաքվել է բացօթյա պայմաններում: Չղջիկները նույնպես սիրում են սնվել այդ քաղցրահյութով, ինչն էլ դառնում է վարակման ուղի՝ հյութի հավաքման տարաների միջոցով: Վարակման հենց այս ուղին նախկինում բնորոշ է եղել նաև Նիպահ վիրուսի տարածմանը: Նոր վիրուսը կարող է առաջացնել հիվանդության թեթև ձևեր, սակայն կարող է դրսևորվել նաև Նիպահին նմանվող բավականին վտանգավոր տարբերակներով:






