Շատերը ակնաբույժի են դիմում միայն այն դեպքում, երբ շրջապատող առարկաները վատ են տեսնում: Սակայն կան նաեւ շատ այլ ախտանիշներ, որոնք կարող են բավական վտանգավոր ակնային հիվանդությունների մասին վկայել, եւ այդ ախտանիշների առկայության դեպքում նույնպես հարկավոր է բժշկի դիմել:
Այն մասին, թե որ դեպքերում է հարկավոր ակնաբույժի դիմել, լրագրողներին պատմել է բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:
Երկտեսություն
Մասնագետի խոսքով, եթե կա երկտեսություն, դա արդեն բժշկի դիմելու լուրջ պատճառ է:
Գլխացավեր
Գլխացավերը նույնպես կարող են աչքի տարբեր հիվանդությունների մասին վկայել, եւ եթե դրանք մշտական բնույթ ունեն, թերապեւտից բացի արժե նաեւ ակնաբույժի դիմել: Նույնը վերաբերում է ցավերին քունքային հատվածում:
Չորություն եւ դիսկոմֆորտ՝ աչքերում
Իհարկե, առողջ աչքերն էլ երբեմն կարող են չորության խնդրին բախվել, բայց չորությունը կարող է նաեւ բավական վտանգավոր հիվանդությունների, մասնավորապես՝ գլաուկոմայի ախտանիշ լինել: Նման խնդիրները հերքելու համար նույնպես արժե ակնաբույժի դիմել:
Գույնզգույն արտացոլանքներ
Ինչպես բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանն է նշել, եթե լուսարձակին նայելիս պացիենտը տեսնում է տարբեր գույների՝ ծիածանանման արտացոլանքներ, դա նույնպես մասնագետի դիմելու լուրջ պատճառ է (երբ բժշկուհին պատմում էր այս մասին, բոլոր ներկաները նայեցին առասաղի լամպերին):
Սեւացում
Եթե աչքերի առաջ միանգամից սեւանում է, իսկ հետո, ժամանակի ընթացքում, տեսողությունը վերականգնվում է, դա նույնպես պատճառ է՝ ակնաբույժի դիմելու համար:






