Հայաստանում կանխավճարային տերմինալների միջոցով բժշկական ծառայությունների դիմաց վճարելիս քաղաքացիներին պարտադիր կարգով կտրամադրվի էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային կտրոն։ Այս մասին փետրվարի 4-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է, որ բժշկական ծառայություններ ստանալիս քաղաքացիները պարտավոր են վճարումները կատարել անկանխիկ եղանակով։
«Այդ վճարումները կարելի է իրականացնել կա՛մ POS-տերմինալների, կա՛մ բժշկական հաստատություններում տեղադրված տերմինալների միջոցով։ Ըստ նախագծի՝ այսուհետ բոլոր տեսակի բժշկական ծառայություններից օգտվող անձանց տրամադրվելու է էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային կտրոն։ Այս օրենքը POS-տերմինալով վճարելիս այսպես թե այնպես գործում էր, սակայն վճարային տերմինալների դեպքում նման հնարավորություն չկար։ Հիմա մենք ցանկանում ենք ընձեռել այդ հնարավորությունը», -ասել է Վարդանյանը։
Այս բոլոր տվյալները (ծառայությունները, որոնցից օգտվել են քաղաքացիները) հավաքագրվելու են Armed կայքում։
Պատգամավորի խոսքով՝ այս բոլոր տվյալների վերլուծությունը, ի թիվս այլ հարցերի, ապագայում հնարավորություն կտա վեր հանել ապահովագրության հետ կապված խնդիրները, ինչպես նաև պարզել, թե որ ծառայություններից են մարդիկ ամենից հաճախ օգտվել։
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը և տվյալ նախագծի վերաբերյալ տեխնիկական առաջարկները։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական արձագանքը։






