ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տուժած, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա Էդգար Սիմոնյանին:
Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղեւորը նոյեմբերի 12-ի երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երեւան` վիրահատության նպատակով: Երեխան ունի զույգ բազկոսկրերի, ակնակապիճի եւ ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ, ինչպես նաեւ տարբեր աստիճանի այրվածքներ:
Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ նոյեմբերի 13-ին երեք ժամ տեւած վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Երեխայի մոտ կատարվել է զույգ վերջույթների ոսկրաբեկորների փակ համադրում եւ ամրակայում` արտաօջախային սարքի միջոցով: Կոտրվածքի հատվածը չի բացվել, այլ փակ եղանակով, ռենտգեն հսկողության հատուկ սարքով կատարվել է ոսկրաբեկորների ճիշտ համադրություն, ինչը կնպաստի ոսկրերի առավել արագ ամրակայմանը եւ վերականգնմանը»,- ասաց բժշկական կենտրոնի ղեկավարը:
Նախարարը զրուցեց Էդմոնի հետ` մաղթեց շուտափույտ առողջացում: Էդմոնը պատմեց, որ սովորում է 8-րդ դասարանում: Հպարտությամբ նշեց, որ գյումրեցի է եւ ապաքինվելուն պես ցանկանում է շարունակել ըմբշամարտի պարապմունքները:
Մասնագետների խոսքով` ստորին վերջույթների կայունացումից հետո, երկու-երեք շաբաթ անց Էդմոնը կկարողանա քայլել:
Նախարարը հետաքրքրվեց նաեւ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մյուս հիվանդների առողջական վիճակով, ինչպես նաեւ այցելեց նորածնային պաթոլոգիաների բաժանմունք:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տուժած յոթ վիրավորներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից: Վիրավորներից` 47-ամյա կինը, ով ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Գյումրու բժշկական կենտրոնում է գտնվում նաեւ 14-ամյա Էդմոն Սիմոնյանի մայրը, ում մոտ ախտորոշվել է սրունքի բաց կոտրվածք: Նրան նույնպես կվիրահատեն: Վիրավորներից 39-ամյա ուղեւորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող 17-ամյա պատանին, ում մոտ գանգի հիմի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը հերքվել էր, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ: Այսօր պատանին դուրս է գրվել հիվանդանոցից:






